Լիբիական կառավարական ուժերը հուլիսի 31-ին վերահսկողություն են հաստատել գլխավոր ռազմաբազայի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այն հուլիսի 30-ին գրավել էին ծայրահեղական խմբավորումները: «Անսար աշ Շարիա» իսլամիստական խմբավորումը հայտարարել էր Բենղազի քաղաքում հսկողություն հաստատելու մասին այն բանից հետո, երբ գրավել էին քաղաքի բոլոր ռազմաբազաները:

 

Բենղազի քաղաքում հուլիսի 26-ին թեժ բախումներ էին սկսվել կառավարական ուժերի և զինյալների միջև: Երկրի մեծությամբ երկրորդ քաղաքում ավելի քան 100 մարդ է զոհվել:

 

Լիբիայի խորհրդարանը օգոստոսի 2-ին արտահերթ նիստ կգումարի Տոբրուկ քաղաքում, որտեղ կքննարկվեն երկրում տեղի ունեցող իրադարձությունները:

 

2011թ.-ին Մուամմար Քադաֆիի իշխանության տապալումից հետո Լիբիայում իրավիճակն այդպես էլ չի կարգավորվել: Երկրի շատ շրջաններ գտնվում են տարբեր խմբավորումների հսկողության տակ: