«Անսար Ալլահ» շարժման կողմնակից շիա ապստամբները Եմենի նախագահական նստավայրից կհեռանան առաջիկա 3 օրվա ընթացքում:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, նրանք նաև ազատ կարձակեն նախագահի աշխատակազմի ղեկավար Ահմադ Աուադ բն Մուբարաքին: Նման հայտարարությամբ հանդես է եկել շարժման անդամ Մուհամմադ ալ Բուհեյտին՝ ավելացնելով, որ խոստումները կկատարվեն, եթե պետությունը սկսի կատարել համաձայնագրի պայմանները:

 

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Եմենի նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր ալ Հադին և շիա ապստամբները համաձայնության են եկել, համաձայն որի պետք է փոփոխություններ կատարվեն Սահմանադրության մեջ, շիաները պետք է պաշտոններ զբաղեցնեն պետական կառույցներում:

 

Եմենի անվտանգության աղբյուրների տեղեկացմամբ, երկու օր տևած բախումների հետևանքով զոհվել էր 35 և վիրավորվել 94 մարդ: Զոհերից 4-ը խաղաղ բնակիչներ են:

 

Օգոստոսին շիա ապստամբները երկրի տարբեր հատվածներում հանրահավաքներ էին կազմակերպել այն բանից հետո, երբ իշխանությունները հայտարարել էին բենզինի գնի թանկացման մասին: Մեկ ամիս անց բախումներ էին սկսվել անվտանգության ուժերի և շիաների մեիջև, ինչի արդյունքում շիաներին հաջողվել էր գրավել մայրաքաղաքի մի քանի շրջաններ, այդ թվում' պետական շինություններ: