Արևելյան Ղուտան սիրիական օդուժի ռմբակոծելու հետևանքով փետրվարի 6-ին 70 զոհ է գրանցվել: Այս մասին հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդային ուժերը ռմբակոծել են «Իսլամական բանակ» ծայրահեղական խմբավորման հսկողության տակ գտնվող տարածքներն այն բանից հետո, երբ «Իսլամական բանակ» ծայրահեղական խմբավորումը նախօրեին ռմբակոծել էր Դամասկոսի կենտրոնա կան թաղամասերը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Արևելյան Ղուտայի ուղղությամբ փետրվարի 5-ին և 6-ի գիշերը արձակվել է մոտ 60 ռումբ:
Ավելի վաղ «Իսլամական բանակ» խմբավորման ղեկավար Զահրան Ալլուշը խոստացել էր հարվածներ հասցնել կառավարական ուժերի հսկողության տակ գտնվող տարածքներին, ինչպես որ բանակն Արևելյան Ղուտային: Նա սպառնացել է Դամասկոսը վերածել ռազմի դաշտի և հրամայել է իր խմբավորման անդամներին պատասխանել ցանկացած հարձակման:
«Իսլամական բանակը» ձևավորվել է 2013թ.-ին մի քանի ընդդիմադիր խմբավորումների միաձուլման արդյունքում:
ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում 2011թ.-ի մարտից սկսված բախումների հետևանքով զոհերի թիվը մոտեցել է 200 հազարի: