Թուրքական հատուկ ուժերը, օգտագործելով արտասվաբեր գազ և ջրնետ սարքեր, ճեղքել են Թաքսիմ հրապարակում բարձրացված բարիկադները և այնտեղից դուրս մղել բողոքի ցույցի մասնակիցներին:
Շատ ցուցարարներ նահանջել և թաքնվել են Գեզի այգում, որտեղ գտնվում է նրանց վրանային ճամբարը:
Ըստ որոշ տեղեկությունների՝ ոստիկանները ակցիայի մասնակիցների վրա կրակել են նաև ռետինե փամփուշտներով: Դրան ի պատասխան, ցուցարարները քարեր են նետել ոստիկանների կողմը և փորձել դյուրավառ հեղուկով լցված շշերով վնասազերծել ջրնետ մեքենաները:
Գեզի այգին և այն վերակառուցելու պլանները ի սկզբանե եղել են բողոքի ցույցի պատճառներ: Դրանք, այնուհետև, վերածվեցին, ընդհանրապես, Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության դեմ ուղղված ակցիաների:
Այսօր Էրդողանը պետք է հանդիպի ցույցի մասնակից խմբերի որոշ ակտիվիստների: Վարչապետի ներկայացուցիչը հայտարարել է, որ Էրդողանը «կլսի այն, ինչ նրանք մտածում են», սակայն չի պլանավորում թույլ տալ շարունակելու բողոքները:
Ավելի վաղ Թուրքիայի վարչապետը բողոքի մասնակիցներին անվանել էր «ավարառուներ»:
Նշենք որ, Եվրամիությունը Թուրքիայի կառավարությունից պահանջել էր պատժել այն ոստիկաններին, ովքեր բռնություն էին գործադրել ցուցարարների նկատմամբ: Այդ մասին հաղորդում է BBC-ն: