Հայաստանի կառավարությունը մանրամասներ է ներկայացրել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ։
Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին անդրադարձ կա «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցում։
Զեկույցում հիշեցվում է, որ 2022 թվականի հուլիսի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում ՀՀ վարչապետը շնորհավորել է Թուրքիայի նախագահին Կուրբան Բայրամի առթիվ, իսկ Թուրքիայի նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։ Երկրների ղեկավարներն ընդգծել են իրենց երկրների միջև հարաբերությունների կարգավորման երկկողմ գործընթացի կարևորությունը։
Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:
2023 թվականի փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ 2023 թվականի փետրվարի 7-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: ՀՀ վարչապետը ցավակցություն ու զորակցություն է հայտնել Թուրքիայի նախագահին և ժողովրդին՝ երկրի հարավարևելյան շրջաններում տեղի ունեցած հուժկու երկրաշարժի հետևանքով բազմաթիվ զոհերի կապակցությամբ:
ՀՀ վարչապետի որոշմամբ փետրվարի 8-ին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության որոնողափրկարարական թիմի 27 անդամ և ՀՀ արտաքին գործերի նախարարության մեկ աշխատակից գործուղվել են Թուրքիայի Ադիյաման քաղաք և մասնակցել երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքներին:
2023 թվականի փետրվարի 11-ին 1993 թվականից փակված Մարգարայի կամրջով 100 տոննա մարդասիրական բեռով 5 հայկական բեռնատար հատել է հայթուրքական սահմանը՝ ուղևորվելով աղետի գոտի՝ Ադիյաման։
Նշվում է, որ 2023 թվականի փետրվարի 14-ին ՀՀ-ն 2 բեռնատարով (12 տոննա) երկրորդ մարդասիրական օգնությունն է ուղարկել Թուրքիա՝ կրկին Մարգարայի կամրջով։ 2023 թվականի փետրվարի 15-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Թուրքիա: Պատվիրակության կազմում է եղել նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցություններում հատուկ ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: Անկարայի օդանավակայանում հայկական պատվիրակությանը դիմավորել է Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը: Այնուհետև տեղի է ունեցել ՀՀ-ի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը:
Նույն օրը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այցելել է երկրաշարժից տուժած Ադիյաման քաղաք, որտեղ հանդիպել է փետրվարի 8-ից որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող ՀՀ փրկարարական խմբին, ինչպես նաև ծանոթացել ՀՀ-ի կողմից նախօրեին ուղարկված հումանիտար օգնության տեղաբաշխման ընթացքին:
ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության որոնողափրկարարական թիմը փետրվարի 16-ին Մարգարա-Ալիջան սահմանակետով վերադարձել է ՀՀ:
2022 թվականի մարտի 12-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուի հանդիպումը, որի ընթացքում երկու երկրների արտաքին գործերի նախարարները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ իրականացնելու ՀՀ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանն ու բարիդրացիական հարաբերությունների հաստատմանն ուղղված գործընթացն առանց նախապայմանների և աջակցություն են հայտնել այս գործընթացում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների աշխատանքներին։
2022 թվականի ընթացքում տեղի է ունեցել ՀՀ-ի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների 4 հանդիպում։
ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում 2022 թվականի փետրվարից վերականգնվել է երկու երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցությունը։ Թուրքիան 2023 թվականի հունվարի 1-ից հանել է նաև ՀՀ-ի հետ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը։
2022 թվականի հուլիսի 1-ին ՀՀ-ի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները Վիեննայում պայմանավորվածություն են ձեռք բերել հնարավոր ամենասեղմ ժամկետներում ապահովել ՀՀ-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ՀՀ և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները: Այս պայմանավորվածության իրականացման շրջանակներում նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին տեղի է ունեցել 2 երկրների միջգերատեսչական մասնագիտական խմբերի 2 հանդիպում։