«Հրապարակ» թերթը գրում է.
«Մեկ գիշեր անազատության մեջ անցկացրած Հրաչ Ղեւոնդյանն ազատ է արձակվել՝ դատարանը մերժել է կալանավորել երգիչ Սպիտակցի Հայկոյի որդուն, որին Քննչական կոմիտեն մեղադրում է իշխանությունը յուրացնելու նախապատրաստության համար։
Դատարանը եզրակացրել է, որ բացակայում է մեղադրանքի հիմնավոր կասկածը, այսինքն՝ Ղեւոնդյանն իրեն վերագրվող արարքը չի կատարել։
«Ստեղ մի հատ ելք կա՝ մտնենք կառավարությունը գրավենք, մտնենք Ազգային ժողով՝ գրավենք, մտնենք՝ ոստիկանության շենքը գրավենք: Հիմա ես պատրաստ եմ մեռնեմ, ցավդ տանեմ, պտի կրակեն՝ թող կրակեն, ավելի լավ ա մի 10-20 հոգի մարդ մեռնի, բայց, ընգեր, երկիր պահես»,- նման խոսակցության գաղտնալսում են իրականացրել իրավապահները, ապա հրապարակել ձայնագրությունը՝ պնդելով, որ այս խոսքերի հեղինակն ընդդիմադիր հայացքներ ունեցող Հրաչ Ղեւոնդյանն է, ով մտերիմ է Լեւոն Քոչարյանի հետ։
Քննչականի տարածած ձայնագրությունում տղամարդը դժգոհում է վարչապետ Փաշինյանի վարած քաղաքականությունից ու որպես ելք տեսնում պետական կառույցների շենքեր գրավելը։ Սա իրավապահները որակել են իշխանությունը բռնությամբ զավթելու փորձ, որն իբրեւ թե կանխել են ու ծանր հոդված դրել՝ մտնելով դատարան։ Փաստաբաններն արդեն հերքել են մեղադրանքն ու շեշտել, որ ձայնագրությունը մոնտաժված է, կոնտեքստից կտրված, հեռախոսահամարը՝ գոյություն չունեցող: Ի դեպ, քննչականի տարածած կադրերում Հրաչ Ղեւոնդյանի կողքին երեւում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը, եւ այդ կադրերն իշխանական շրջանակներն ակտիվորեն տարածում էին, իբրեւ հանցանքի ապացույց: Զրուցել ենք Ղեւոնդյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաեւի հետ:
- Ի վերջո' ո՞ր կառույցն է նման ստորություն իրեն թույլ տվել՝ մոնտաժել, կեղծել ձայնագրությունը, կեղծ ապացույցի վրա մեղադրանք առաջադրել: Մինչ այս իշխանությունները «վհուկների որս» էին իրականացնում' ամեն արարքի ու խոսքի մեջ հանցանք փնտրելով, հիմա փաստացի հանցանք կատարողն իրավապահ համակարգն է:
- Երբ ասում ենք՝ ձայնագրությունը կեղծ է, դա ամենեւին չի նշանակում, որ ձայնը չի պատկանում Ղեւոնդյանին: Հենց երեկ էլ դատարանում ասացինք, որ դա օպերատիվ աշխատանքի սուբյեկտիվ ընկալում է: Օբյեկտիվ իրականության մեջ եղել են խոսակցություններ, առանձին մտքեր, բառեր՝ կտրվել են, կոնտեքստից դուրս են բերել, ու ստացել են լրիվ այլ բնույթի խոսակցություն: Ամբողջությամբ մոնտաժված է, խոսքը կեսից կտրված, սակայն անգամ եթե այդ տիրույթում ենք մնում, մենք կարող ենք ձայնագրության մեջ տեսնել միմիայն երկրի համար մտահոգ մարդու ցասում' ընդամենը, այլ ոչ թե իշխանազավթման փորձ: Դատարանն էլ, այս ամենը հաշվի առնելով, ոչ միայն կալանավորումը որպես խափանման միջոց մերժել է, այլեւ շեշտել է, որ բացակայում են հիմնավոր կասկածները:
- Բայց ձայնագրությունը համարվում է նախաքննական գաղտնիք, ինչպե՞ս է ստացվում, որ առաջին իսկ վայրկյանից այն հրապարակվում է:
- Բացառապես տեղեկատվական խնդիր են լուծում այս քրեական գործով: Ամսի 26-ին ընդառաջ իշխանություններն ուղղակի փորձում են ատամ ցույց տալ, որ կարող են նմանատիպ քայլեր անել, գործեր հարուցել' մարդկանց վախեցնելու համար:
- Իսկ ո՞ր կառույցն է մոնտաժի ետեւում կանգնած:
- Գաղտնալսում է տեղի ունեցել, բայց թե ումն է հրահանգը, դժվարանում եմ ասել: Սա քաղաքական բնույթի գործ է: Հատուկ ծառայությունները տարբեր ժամանակներում գաղտնալսել են պաշտպանյալիս եւ այդ խոսակցությունների առանձին հատվածները մոնտաժել են: Մի անգամ բունկերից է խոսել, մի անգամ՝ ցույցերից, մի անգամ՝ սրբազանից՝ տարբեր օրեր, կտրել, մի նախադասություն են սարքել:
- Բայց շարքային քաղաքացուն հենց այնպես գաղտնալսելը նորմա՞լ երեւույթ է:
- Բնականաբար, նորմալ չէ, եւ մենք անպայման գնալու ենք նաեւ դրա հետեւից: Պետք է հասկանանք՝ եղե՞լ է դատարանի որոշում, որ գաղտնալսեն, ե՞րբ, ի՞նչ պայմաններում:
- Եթե դատարանը նշում է, որ հիմնավոր կասկածը բացակայում է, ինչո՞ւ գործը չի կարճվում:
- Այո, դատարանն արձանագրել է, որ Ղեւոնդյանը չունի առնչություն իրեն մեղսագրվող արարքի հետ: Հաջորդ քայլը պետք է գործի կարճումը լիներ, բայց գրեթե վստահ եմ, որ այն չի կարճվելու:
- Ինչո՞ւ, ինչո՞վ է պայմանավորված:
- Եթե այսպիսի խայտառակ հիմնավորումներով մեղադրանք է առաջադրվել, ու անձին փորձել են կալանավորել, ես կարծում եմ, որ քրեական հետապնդումը կշարունակվի: Ամեն դեպքում' իմ պաշտպանյալը հիմա էլ, ձերբակալությունից առաջ էլ ժպիտով է ու մարտական տրամադրված: Նա պատրաստվում է մայիսի 26-ի հանրահավաքին»: