Մոսուլ քաղաքի հարավում իրաքյան ուժերի նախկին ռազմակետի' միջազգային դաշինքի օդային ռմբակոծության հետևանքով նոյեմբերի 24-ին «Իսլամական պետության» 25 անդամներ են սպանվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Լիբանանյան «Ալ Մայադին» գործակալությունը, Մոսուլում ռմբակոծության արդյունքում սպանվել է ԻՊ-ի հիմնադիրներից սաուդացի Աբու Հասան ալ Ջազրաուին:
Մոսուլ քաղաքի Քասք շրջանում ԻՊ-ի 4 անդամ է սպանվել: Թեժ մարտեր են ընթանում Մոսուլի մերձակայքում, Բաշիկիա շրջանում: Միջազգային դաշինքի ուժերը ռմբակոծում են ահաբեկիչների դիրքերը:
Բացի այդ, իրաքյան անվտանգության աղբյուրները տեղեկացրել են, որ իրաքյան անվտանգության ուժերը տեղի ցեղախմբերի հետ ազատագրել են Ռամադի քաղաքի Սուբհարիա շրջանը: Արաբական մեկ այլ աղբյուր տեղեկացնում է, որ Անբար մարզում նոյեմբերի 24-ին ԻՊ-ի տասնյակ անդամներ են սպանվել, ինչպես նաև ոչնաչցվել են նրանց մեքենաները:
«Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և, միևնույն ժամանակ, ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում: