Մեկ օրվա ընթացքում ԱՄՆ-ը և դաշնակից երկրները 19 օդային հարվածներ են հասցրել Սիրիայում և Իրաքում ԻՊ-ի դիրքերի ուղղությամբ:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, հարվածներից 6-ն ուղղվել են Իրաքի և 13-ը՝ Սիրիայի վրա:

 

Ռմբակոծության արդյունքում սիրիական Քոբանի քաղաքի մերձակայքում ահաբեկիչների մարտական 12 ստորաբաժանում են ոչնչացվել: Իսկ Իրաքում ռմբակոծության են ենթարկվել Մոսուլի, ալ Ասադի, Քիրքուքի և Սինջարի մերձակայքում ահաբեկիչների դիրքերը: Ոչնչացվել են ահաբեկիչների մի քանի ստորաբաժանումներ:

 

Իրաքյան Մոսուլ քաղաքում միջազգային դաշինքի օդային հարվածների հետևանքով «Իսլամական պետության» տասնյակ ահաբեկիչներ են սպանվել և վիրավորվել: Այս մասին հայտարարել են Իրաքի անվտանգության աղբյուրները: Միջազգային դաշինքը ռմբակոծել է Քանունա և Այն ալ Ալի գյուղերի միջև գտնվող տարածքը: Նախորդ շաբաթվա ընթացքում ռազմական գործողությունների արդյունքում ԻՊ-ի 434 ահաբեկիչներ են սպանվել և վիրավորվել:

 

Դիյալա մարզում ռազմական գործողությունների ընթացքում հայտնաբերվել են ԻՊ-ի ղեկավարների 60 գերեզմաններ:

 

«Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և միևնույն ժամանակ ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում: ԻՊ կազմակերպությունում ընդգրկվել են 80 երկրրի մոջահեդներ: