ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային դաշինքը շարունակում է օդային հարվածներ հասցնել Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետության» դիրքերի ուղղությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, վերջին երեք օրում 20 օդային հարվածներ են հասցվել ԻՊ-ի դիրքերին: Պենտագոնի տեղեկացմամբ' սիրիական Քոբանի քաղաքի ուղղո ւթյամբ արձակված 7 հարվածները ոչնչացրել են ԻՊ-ի 5 դիրքեր, ևս 3 դիրքեր մասամբ են ավերվել:

 

Իրաքում անօդաչու ինքնաթիռների և կործանիչների մասնակցությամբ իրականացվել է 13 օդային հարված: Ոչնչացվել է ԻՊ-ի 2 դիրք: Վնասվել են կազմակերպությանը պատկանող 7 զրահապատ մեքենաները:

 

Միջազգային դաշինքն ԱՄՆ-ի գլխավորությամբ արդեն մոտ 3 ամիս է պայքարում է Սիրիայում և Իրաքում ԻՊ-ի դեմ, որի արդյունքում զգալի վնասներ են հասցվել ահաբեկիչների ուժերին, ինչպես նաև նրանց զենքերին ու տեխնիկային: Այնուամենայնիվ, դեռ չի հաջողվել դադարեցնել նրանց գոյությունն ու գործունեությունը: Միջազգային դաշինքի մեջ են մտնում ավելի քան 60 երկրներ, որոնցից 12-ը մասնակցում են ԻՊ-ի դեմ պայքարին: Ընդհանուր առմամբ' միջազգային դաշինքը երկու երկրներում հասցրել է շուրջ 300 հարված:

 

ԻՊ կազմակերպությունը ձևավորվել է 2006թ.-ին, որի կազմում ընդգրկվել են 80 երկրների մոջահեդներ: «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և միևնույն ժամանակ ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում: