ԱՄՆ-ը և իր դաշնակից երկրները վերջին երեք օրում ավելի քան 30 օդային հարվածներ են հասցրել Սիրիայում և Իրաքում Իսլամական պետության դիրքերի ուղղությամբ:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին տեղեկացրել է ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը:

 

 

Միջազգային կոալիցիան ԻՊ-ի դիրքերն Իրաքում ռմբակոծել է 20 անգամ, իսկ Սիրիայում՝ 11: Իրաքում օդային հարվածներն ուղղվել են արևմտյան և հյուսիսային շրջանների, իսկ Սիրիայում' հիմնականում թուրք-սիրիական սահմանի մոտ գտնվող Քոբանի քաղաքի ուղղությամբ:

 

 

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չակ Հեյգելը նախորդ շաբաթ հայտարարել էր, որ ԻՊ-ի դեմ պայքարը դրական արդյունքներ է տալիս: Նրա խոսքով' աշխարհի ավելի քան 60 երկրներ աջակցում են Իրաքի և Սիրիայի ռազմական գործողություններին: Նրանցից 12-ն անմիջական մասնակցություն են ցուցաբերում:

 

 

Ընդհանուր առմամբ, երկու երկրների ուղղությամբ ավելի քան 180 հարված է հասցվել:

Իրաքում ռազմական գործողություններն սկսվել են օգոստոսի 8-ից, իսկ Սիրիայում՝ սեպտեմբերի 23-ից: