Միջազգային դաշինքը 24 ժամվա ընթացքում Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետության» դիրքերի ուղղությամբ 27 օդային հարված են ուղղել:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Սիրիայում օդային հարվածների արդյունքում ոչնչացվել են ԻՊ-ի մարտական դիրքեր, Քոբանի քաղաքի մերձակայքում գտնվող շինություններ: Միևնույն ժամանակ վնասներ է կրել Դեր Զորի մերձակայքում գտնվող նավթավերամշակման գործարանը, ինչպես նաև Բուքմալի մերձակայքում ծանր զենքեր են ոչնչացվել:

 

Իրաքում ԻՊ-ի դիրքերի ուղղությամբ հասցվել են 16 օդային հարված, արդյունքում ոչնչացվել են մարտական դիրքեր, տանկեր, տարբեր տեսակի զենքեր, հրթիռներ և շինություններ: Հարվածներն ուղղվել են Բայջի, Կաիմ, Ռամադի, Թելաֆար, ալ Ասադ, Սինջար, Մոսուլ քաղաքների, ինչպես նաև Բաղդադի մերձակայքում գտնվող Թաջի շրջանի ուղղությամբ:

 

ԻՊ կազմակերպությունում ընդգրկվել են 80 երկրների մոջահեդներ: «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և միևնույն ժամանակ ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում եւ Իրաքում :