Միջազգային դաշինքը վերջին երկու օրում 12 օդային հարվածներ է ուղղել Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետության» դիրքերի ուղղությամբ:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ԱՄՆ-ի ռազմական ղեկավարությունը տեղեկացրել է, որ ամերիկյան ուժերը 6 հարված են հասցրել սիրիական Քոբանի քաղաքի մերձակայքում ԻՊ-ի դիրքերի ուղղությամբ: Միևնույն ժամանակ միջազգային դաշինքի օդանավերը իրաքյան ցամաքային ուժերի օգնությամբ օդային 6 հարված են հասցրել Ֆալլուջա և Բայջի քաղաքների մերձակայքում ԻՊ-ի հենակետերի ուղղությամբ: Հարվածների հետևանքով տասնյակ ահաբեկիչներ են սպանվել, ոչնչացվել են նրանց պատկանող մի քանի շինություններ:

 

Իրաքյան Դիյալա մարզից տեղեկություններ են ստացվել, որ ՒՊ-ի հարձակման հետևանքով Դիյալա մարզում 10-ը մարդ է զոհվել, այդ թվում՝ 7 զինվոր: Ահաբեկիչները փորձել են գրավել ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Կարա Թաբհ գյուղը: Տեղի ունեցած բախումներում ահաբեկիչներ են սպանվել և վիրավորվել:

 

«Իսլամական պետությունը» արդեն մի քանի ամիս սպառնալիք է ներկայացնում Իրաքի և Սիրիայի համար: Կազմակերպությունը կարճ ժամանակում վերահսկողության տակ է վերցրել Սիրիայի և Իրաքի հսկայական տարածքներ: ԱՄՆ-ը և իր դաշնակիցները մեկ ամսից ավելի է պայքարում են ԻՊ-ի ոչնչացման համար: