ԱՄՆ-ի գլխավորած միջազգային դաշինքի օդանավերն 16 օդային հարվածներ են հասցրել Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետության» հենակետերի ուղղությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջ ոցները, այս մասին փետրվարի 18-ին հայտարարել է ԱՄՆ-ի զինված ուժերի գլխավոր հրամանատարությունը: Համաձայն տեղեկությունների՝ օդային հարվածներից 14-ն ուղղվել է Իրաքում, իսկ 2-ը Սիրիայում ԻՊ-ի դիրքերին:
Օդային հարվածներնը հասցվել են փետրվարի 17-ից սկսած 24 ժամվա ընթացքում: Ռմբակոծության թիրախում հայտնվել են ահաբեկիչների ստորաբաժանումներ, թաքստոցներ, նրանց պատկանող շինություններ և զենքեր:
Փեշմերգան միջազգային դաշինքի աջակցությամբ կասեցրել է ԻՊ-ի հարձակումը Քրդստանի մայրաքաղաք Արբիլի հարավ-արևմտյան հատվածների վրա: Բախումներն ընթացել են մոտ 4 ժամ, որին մասնակցել են ԻՊ-ի 300 ահաբեկիչներ: Ահաբեկիչներին չի հաջողվել առաջընթաց գրանցել:
Արաբական մեկ այլ աղբյուրի տեղեկացմամբ' ամերիկյան օդային ուժերը փետրվարի 18-ին սխալմամբ ռմբակոծել են Իրաքի Հադիսա քաղաքի մզկիթը, ինչի հետևանքով 15 հավատացյալներ են զոհվել:
Միջազգային կոալիցիայի կազմում ընդգրկվել ե 62 երկրներ, որոնք պայքարում են ԻՊ-ի դեմ: «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և միևնույն ժամանակ ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում: ԻՊ կազմակերպությունում ընդգրկվել են 80 երկրների մոջահեդներ: