Միջազգային դաշինքի ուժերը հայտարարել են, որ Սիրիայում և Իրաքում 24 ժամվա ընթացքում 12 օդային հարվածներ են ուղղվել «Իսլամական պետության» դիրքերի ուղղությամբ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, օդային երեք հարվածներն ուղղվել են թուրք-սիրիական սահմանի մոտ գտնվող Քոբանիի մերձակա գյուղաքաղաքի ուղղությամբ, որոնց հետևանքով հակառակորդի մարտական ստորաբաժանում է վնասներ կրել, ինչպես նաև ոչնչացվել են ահաբեկիչներին պատկանող 5 դիրքեր:
Ինչ վերաբերում է Իրաքին, ապա հինգ հարված ուղղվել են ահաբեկիչների ռումբեր արտադրելու գործարանի, մեքենաների և զենքերի պահեստների ուղղությամբ, ևս չորս ռումբ ընկել են Ռամադի և Սինջար քաղաքների մերձակայքում:
Բաղդադում մարտի 5-ին ահաբեկչական հարձակումնեիրի հետևանքով նախնական տեղեկություններով ութ մարդ է զոհվել: Պայթյունները որոտացել են Ռաշիդիե, Դուրա շրջաններում, ինչպես նաև Բաղդադի արևելքում գտնվող առևտրի կենտրոնի մոտ:
«Իսլամական պետություն» իսլամիստական ահաբեկչական կազմակերպությունը գործում է Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2013թ. ապրիլին «Ալ Կաիդա»-ի երկու ճյուղերի միավորման արդյունքում ձևավորվել է խմբավորում՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» անվանումով, որի նպատակն էր կազմավորել իսլամական էմիրություն Լիբանանի, Սիրիայի և Իրաքի տարածքում: 2014թ. հունիսի 29-ին ԻԼԻՊ-ը Սիրիայի և Իրաքի գրաված տարածքներում հայտարարել է Իսլամական խալիֆաթ հիմնելու մասին, որի խալիֆ է նշանակվել Աբու Բաքր ալ Բաղդադին: Այնուհետև որոշում է ընդունվել խմբավորման անվանումը փոխելու վերաբերյալ, և այն վերանվանվել է «Իսլամական պետություն»: Խմբավորման կազմում կռվում են 80 երկրի ապստամբներ: