Շիրակի մարզում, մայիսի 22-ին, սպանություն է տեղի ունեցել. ժամը 22։25-ի սահմաններում Գյումրու շտապօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է թիվ 58 թաղամաս, որտեղ պարզել են, որ եկեղեցու մոտ դանակահարություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով մահացած մարդ կա։ 

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները նշված թաղամասի Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկում հայտնաբերել են կնոջ դի։  Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ որովայնի շրջանում եղել է 6, իսկ ծնոտի շրջանում՝ 1 կտրած-ծակած վնասվածք։ 

 

Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են, որ սպանվածը նշված հասցեի բնակիչ՝ 43-ամյա Սիրանույշ Մ-ն էր։ 

 
 

Մինչ դատաբժիշկը տեղում աշխատում էր, ոստիկանության Մուշի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում տվյալներ են ստացել սպանություն կատարողի մասին, ու մինչ ոստիկանները փնտրում էին նրան, համայնքային ոստիկանին է մոտենցել մի քաղաքացի և հայտնում, որ քիչ առաջ սպանել է իր կնոջը։ 

Համայնքային ոստիկանը այդ տղամարդուն բերման է ենթարկել ոստիկանության Մուշի բաժին։

Կայքի տեղեկություններով՝ սպանություն կատարողը Շիրակի մարզի բնակիչ՝ 50-ամյա Անդրանիկ Ե-ն է։ 

 

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Անդրանիկ Ե-ն քննիչի որոշմամբ ձերբակալվել է։

 
 

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։