ԱՄՆ-ի գլխավորած միջազգային դաշինքի օդանավերն 31 օդային հարված են հասցրել Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետության» դիրքերի ուղղությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի զինված ուժերի ղեկավարությունը:
Համաձայն հայտարարության՝ 21 օդային հարվածներ ուղղվել են Իրաքի Մոսուլ, Սինջար, Թելաֆար, Քիրքուք քաղաքիների մերձակայքում ԻՊ-ի դիրքերին, արդյունքում' ավերվել են մարտավարական ստորաբաժանումներ, փոխադրամիջոցներ, հրետանային համակարգեր:
Սիրիայում միջազգային դաշինքը ռմբակոծել է թուրք-սիրիական սահմանին գտնվող Քոբանի և Ռակկա քաղաքների մերձակայքը, ոչնչացվել է ահաբեկիչներին պատկանող զինապահեստը:
Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադին հայտարարել է, որ նավթի գների նվազումը կարող է օգնել Իրաքին ահաբեկիչների դեմ պայքարում: Նրա խոսքով' դա Իրաքի տնտեսության վրա ողբերգական ազդեցություն է ունեցել, և հնարավոր է' դա բացասաբար ազդի նաև ահաբեկիչների վրա, և օգնի պայքարել նրանց դեմ:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հունվարի 22-ին հայտարարել էր, որ միջազգային դաշինքը մտադիր է պատրաստել 12 նոր ռազմախումբ Իրաքում, և գարնանը սկսել սիրիական ընդդիմադիրների զինպատրաստումը:
ԱՄՆ-ը միջազգային դաշինքի հետ Իրաքում ռազմական գործողություններ սկսել է օգոստոսին, իսկ Սիրիայում՝ սեպտեմբերին: ԱՄՆ-ին աջակցում են աշխարհի ավելի քան 60 երկրներ: