Կանադական ռազմական ուժերը հայտարարել են, որ Իրաքում ոչնչացրել են «Իսլամական պետության» զենքերի արտադրության գործարանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Կանադայի պաշպանության նախարարության ներկայացուցիչ Պոլ Ֆորժեն հայտարարել է, որ ռազմական գործողություններին մասնակցել է Ֆ-18 կործանիչը, և ռազմական թռիչքն իրականացվել է փետրվարի 18-ին:

 

Կանադայի խորհրդարանը 2014թ. հոկտեմբերին որոշում էր ընդունել ԻՊ-ի դեմ պայքարում աջակցել միջազգային դաշինքին: Ակնկալվում է, որ կանադական առաքելությունը կշարունակվի կես տարի: Ռազմական գործողություններին մասնակցում են կանադական բանակի 600 զինվոր, ինչպես նաև 70 մասնագետ-խորհրդատու:

 

Իրաքի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ անվտանգության ծառայության ղեկավարությունը աշխատանքներ է տանում իր ուժերին տեղաբաշխելու ալ Բաղդադի քաղաքի շրջակայքում: Նման քայլեր են ձեռնարկվել այն բանից հետո, երբ լուրեր են տարածվել ալ Բաղդադի քաղաքի մերձակայքում 5 օրվա ընթացքում ԻՊ-ի կողմից 150 մարդու մահապատժի ենթարկելու մասին:

 

ԱՄՆ-ն Իրաքում ԻՊ-ի դեմ ռազմական գործողություններ է սկսել օգոստոսի 8-ից:

 

«Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և, միևնույն ժամանակ, ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում: ԻՊ կազմակերպությունում ընդգրկվել են 80 երկրի մոջահեդներ: