Կանադական օդային ուժերը իրաքյան Ֆալլուջա քաղաքում ոչնչացրել են «Իսլամական պետությանը» պատկանող զինապահեստները:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, պահեստներում պահվում էր զինամթերք բարձր ճշգրտությամբ զենքեր, ինչպես նաև ինքնաշեն պայթուցիկ սարքավորումներ պատրաստելու համար:
Կանադական օդային ուժերն արդեն 211 թռիչք են իրականացրել ԻՊ-ի դիրքերի ուղղությամբ: ԻՊ-ի դեմ պայքարի համար Կանադայի կառավարությունն ուղարկել է 6 կործանիչ, 2 հետախուզական ինքնաթիռ: Բացի այդ, ԻՊ-ի դեմ պայքարին աջակցելու համար Մերձավոր Արևելք են մեկնել 600 զինծառայող:
Իրաքի պաշտպանության նախարար Խալիդ ալ Աբիդին հայտարարել է, որ Հորդանանը մոտ ժամանակներում կսկսի զինպատրաստություն անցկացնել իրաքյան ուժերի հետ' ԻՊ-ի դեմ պայքարելու համար: Նախարարի խոսքով' Հորդանանի թագավոր Աբդալլահ 2-ը նշել է, որ իրաքյան բանակին անհրաժեշտ զենք կտրամադրի Իրաքի հյուսիսում և արևմուտքում ռազմական գործողություններն ընդլայնելու համար:
ԻՊ կազմակերպությունը ձևավորվել է 2006 թ., որում ընդգրկվել են 80 երկրի մոջահեդներ: «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և միեւնույն ժամանակ ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում եւ Իրաքում: