Կանադական օդային ուժերն այս շաբաթվա ընթացքում կսկսեն մասնակցել Սիրիայում «Իսլամական պետության» դեմ պայքարին: Այս մասին տեղեկացրել է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Glob and Mail թերթին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, կանադական Ֆ-18 կործանիչները մոտակա օրերին կսկսեն ռմբակոծել Սիրիայում ահաբեկիչների դիրքերը:
Կանադայի խորհրդարանը քվեարկել է միջազգային դաշինքի հետ ԻՊ-ի դեմ պայքարում ժամկետն երկարաձգելու, ինչպես նաև Սիրիայում դաշնակիցներին աջակցելու համար:
Քվեարկության ժամանակ «կողմ» ձայները կազմել են 142, իսկ «դեմ»-ը՝ 129:
Այդպիսով, կանադական առաքելությունն Իրաքում կերկարաձգվի ևս վեց ամսով:
Կանադայի կառավարությունն ԻՊ-ի դեմ պայքարելու որոշում էր կայացրել 2014թ. աշնանը, որի համար նա ուղարկել է վեց կործանիչ, երկու հետախուզական ինքնաթիռ և մեկ լիցքավորող ինքնաթիռ: Օդային ուժերին աջակցելու համար Մերձավոր Արևելք էին մեկնել 600 զինծառայող: Բացի դրանից, ռազմական գործողություններին մասնակցում են շուրջ 70 մասնագետ, որոնք խորհուրդներով օգնում են իրաքյան և քրդական ուժերին:
Միջազգային դաշինքի կազմում ընդգրկվել են ավելի քան 60 երկիր, որոնցից 12-ը մասնակցում են Սիրիայում և Իրաքում ռազմական գործողություններին: ԱՄՆ-ի գլխավորությամբ Իրաքում ռազմական գորողոծություններն սկսվել են օգոստոսի 8-ին, իսկ Սիրիայում՝ սեպտեմբերի 23-ին:
Իրաքում ռազմական գործողություններին մասնակցում են Ավստրալիան, Բելգիան, Մեծ Բրիտանիան, Դանիան, Կանադան, Նիդերլանդները, Ֆրանսիան, իսկ Սիրիայում՝ Բահրեյնը, Հորդանանը, ԱՄԷ-ն և Սաուդայն Արաբիան: