Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի զինված ուժերը կմասնակցեն Լեռնային Ղարաբաղում «ադրբեջանցիների և հայերի անվտանգության ապահովման գործողություններին»: Նրա խոսքով՝ տարածաշրջանի բոլոր երկրները սատարել են Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների համատեղ հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի գոտում հրադադարի մասին: «Մեր բոլոր հարևաններն իրենց աջակցությունն են հայտնել: Եվ մեր հարևաններից երկուսը` Ռուսաստանը և Թուրքիան, կմասնակցեն ադրբեջանցիների և հայերի անվտանգության ապահովման գործողություններին», - ասել է Ալիևը Բաքվում Նիդեռլանդների նոր դեսպանի հետ հանդիպմանը:
Ալիևը անդրադարձել է նաև Ադրբեջանի և Թուրքիայի դեմ պատժամիջոցների թեմային՝ կապված Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի հետ: «Այս անհավասարակշիռ և անարդար որոշումը, իհարկե, չի օգնի մեզ ավելի սերտ կապեր հաստատել։ Ես հասկանում եմ, որ ձեր կառավարությունը կարող է ունենալ դիրքորոշում, որը տարբերվում է խորհրդարանի ընդունած որոշումից: Բայց դժվար կլինի մեր ժողովրդին բացատրել, թե ինչու դա տեղի ունեցավ», - ասել է Ալիևը։