Իրաքում, ԱՄՆ-ի գլխավորորած միջազգային դաշինքի օդանավերի օդային ռմբակոծության հետևանքով նոյեմբերի 4-ին զոհվել է 7 և վիրավորվել 34 քաղաքացի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով լիբանանյան «Ալ Մայադին» կայքը, օդային հարվածներն հասցվել են Անբար մարզի արևմուտքում գտնվող շուկայի ուղղությամբ:

 

Արաբական մեկ այլ աղբյուր տեղեկացնում է, որ «Իսլամական պետությունն» այսօր հարձակում է գործել Քարբուլ գյուղի մերձակայքում բեշմերգի ուժերի հենակետերից մեկի վրա: Արդյունքում' քրդերը հետ են մղել ահաբեկիչներին՝ ոչնչացնելով նրանց տանկը: Ահաբեկիչները նաև հարձակում են գործել Հադիսա քաղաքի վրա՝ օգտագործելով 8 տանկ: Քրդերին հաջողվել է կասեցնել նրանց առաջխաղացումը և պահպանել քաղաքի անվտանգությունը:

 

Դաշինքի երկրներից Ֆինլանդիայի իշխանությունները մտադիր են Իրաք ուղարկել 10-30 ռազմական հրահանգիչների: Նրանք զինպատրաստություն կանցկացնեն իրաքցի զինվորականների հետ' ԻՊ-ի դեմ պայքարելու համար:

 

Միջազգային դաշինքն արդեն մեկ ամսից ավելի է՝ Իրաքում պայքարում է ԻՊ-ի դեմ: ԱՄՆ-ն Իրաքում ռազմական գործողություններ սկսել է օգոստոսի 8-ից: Վաշինգտոնին աջակցում են ավելի քան 50 երկրներ: