Իրաքյան Թիրքիթ քաղաքի հյուսիսում գտնվող Սաբայքար հենակետի մոտ փետրվարի 16-ին ականապատ մեքենա է պայթել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցերը, պայթյունի հետևանքով արձանագրվել է 4 զոհ և 18 վիրավոր:
Իրաքյան Դիյալա մարզից տեղեկություններ են ստացվել, որ ԻՊ-ի 10 ահաբեկիչ են սպանվել անվտանգության ուժերի հետ բախումների ժամանակ: Նրանց թվում 2 մահապարտ-ահաբեկիչներ են եղել:
Ավելի վաղ տեղեկություններ են ստացվել, որ ԻՊ-ն փետրվարի 14-ին ալ Բաղդադի գյուղաքաղաքում 30 մարդ է առևանգել: Նրանք ալ Աբիդ ցեղախմբի անդամներ են: Դրան զուգահեռ, իրաքյան ցամաքային ուժերն օդային ուժերի օգնությամբ պատրաստ են վերահսկողություն հաստատել գյուղաքաղաքի կենտրոնի, մասնավորապես բոլոր պետական կառույցների, ոստիկանական բաժանմունքի վրա: Տեղի ունեցած բախումների ժամանակ ԻՊ-ի տասնյակ ահաբեկիչներ են սպանվել:
«Իսլամական պետությունն» իսլամիստական ահաբեկչական կազմակերպություն է, որը գործում է Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2013թ. ապրիլին «Ալ Կաիդա»-ի 2 ճյուղերի միավորման արդյունքում ձևավորվել է խմբավորում՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» անվանումով, որի նպատակն է կա զմավորել իսլամական էմիրություն Լիբանանի, Սիրիայի և Իրաքի տարածքում: 2014թ. հունիսի 29-ին ԻԼԻՊ-ը Սիրիայի և Իրաքի գրաված տարածքներում հայտարարել է Իսլամական խալիֆաթ հիմնելու մասին, որի խալիֆ է նշանակվել Աբու Բաքր ալ Բաղդադին: Այնուհետև որոշում է կայացվել խմբավորման անվանումը փոխելու վերաբերյալ, և այն այժմ անվանվում է «Իսլամական պետություն»: Խմբավորման կազմում կռվում են 80 երկրի ապստամբներ: