Եգիպտոսի հյուսիսում ապրիլի 2-ին ահաբեկչական հարձակումների հետևանքով տասը զինծառայող են զոհվել, վիրավորվել են ևս 19-ը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, հարձակումներն իրականացվել են Սինայի թերակղզու երկու ռազմակետերի վրա: Եգիպտական աղբյուրների տեղեկացմամբ, Գազայի հատվածի մերձակայք Ռաֆահ և Շեյխ Զուեյդ բնակելի թաղամասերում գտնվող ռազմակետերի վրա միաժամանակ չորս հարձակում է իրականացվել:
Եգիպտական ուժերի հետ փոխհրաձգության արդյունքում 15 ահաբեկիչներ են սպանվել: Միևնույն ժամանակ օդային ուժերն Արիշ քաղաքում թռիչքներ են իրականացրել զինյալների դիրքերի ուղղությամբ:
Արաբական մեկ այլ աղբյուրի տեղեկացմամբ, ահաբեկչական հարձակման հետևանքով երկու խաղաղ բնակիչ են զոհվել:
2015թ. հունվարից Սինայի թերակղզում կրկին ակտիվացել են «Անսար Բեյթ ալ Մակդիս» խմբավորման անդամ ապստամբները, ովքեր Եգիպտոսում իրականացված ահաբեկչությունների մեծ մասի պատասխանատուներն են: Մի քանի ամսվա ընթացքում ոչնչացվել են ավելի քան 300 ահաբեկիչներ: