Իրաքի տեղեկատվական աղբյուրները հայտնել են, որ երկրի անվտանգության ուժերը 24 ժամվա ընթացքում մայրաքաղաք Բաղդադի արևմուտքում ազատել են Շաաբ շրջանում առևանգվածներին, ոչնչացրել են 4 ահաբեկիչների, ինչպես նաև նրանց պատկանող 2 մեքեանեները:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Սալահ ադ Դին մարզի Բայջի քաղաքում սպանվել են «Իսլամական պետության» 3 դիպուկահարներ: Անվտանգության ուժերը Բայջիի Մասաֆի թաղամասը մաքրել են ԻՊ-ի անդամներից: Մյուս կողմից' օդային ուժերը ռմբակոծել են Թիրքիթ քաղաքի հարավային հատվածները ԻՊ-ի դիրքերի ուղղությամբ:
Ներքին գործերի նախարարության տեղեկություններով, Իրաքի արևմուտքում գտնվող Կաիմ քաղաքում օդային ռմբակոծության հետևանքով ԻՊ-ի 25 անդամներ են սպանվել, ավելի քան 20-ը վիրավորվել են:
Բաղդադում նոյեմբերի 2-ին պայթյուններիկ հետևանքով 19 մարդ զոհվել, ևս 569-ը վիրավորվել են: Պայթյուններից մեկը տեղի է ունեցել Բաղդադի Իալամ թաղամասում, որի հետևանքով 13 մարդ է զոհվել: Մյուս պայթյունը որոտացել է Բաղդադի կենտրոնում՝ խլելով 5 մարդու կյանք: Երրորդ պայթյունը տեղի է ունեցել Սինաա թաղամասում, որից զոհվել է 1 և վիրավորվել 5 մարդ:
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հոկտեմբեր ամսին Իրաքում բռնությունների զոհ է դարձել 1273, և վիրավորվել 2010 մարդ: Զոհերից 417-ը՝ իրաքյան բանակի և քրդական ուժերի անդամներ են, 856-ը խաղաղ քաղաքացիներ, որոնց թվում'139 ոստիկանության աշխատակիցներ: