Իրաքյան ուժերը, հուլիսի 21-ին ռազմական գործողություններ իրականացնելիս, Դիյալա մարզի Բաակուբայի և Սալահ ադ Դին մարզի Թիրքիթի շրջաններում «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման 43 զինյալ են ոչնչացրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբակա ն լրատվամիջոցները, անվտանգության աղբյուրները հաստատել են, որ 16 զինյալ սպանվել է Բաակուբայի Շարուին և Դլի Աբբաս գյուղերում:

 

Իրաքյան ռազմական ուժերը ռազմական հետախուզության հետ համագործակցելով՝ հուլիսի 20-ին հարված են հասցրել Սալահ ադ Դին մարզի Ամիրլի շրջանի ուղղությամբ, որի հետևանքով ԻԼԻՊ-ի 55 անդամ սպանվել, ևս 105-ը' վիրավորվել է:

 

Իրենց հերթին ԻԼԻՊ խմբավորման անդամները շարունակում են վայրագություններ իրականացնել գրաված տարածքներում: Մոսուլում խմբավորումը ոչնչացրել է 1800 տարի առաջ կառուցված եկեղեցին: Նրանք նաև սպառնացել են Իրաքի քրիստնյաներին' ընդունել իսլամ կամ մեռնել: ԻԼԻՊ-ի սպառնալիքները դատապարտել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը՝ նրանց արածը համարելով հանցագործություն մարդկության դեմ:

 

Տեղեկություններ կան, որ նախօրեին 400 քրիստոնյա ընտանիքներ գաղթել են Իրաքյան Քրդստանի շրջանում գտնվող Դահուր և Արբիլ քաղաքներ:

 

Ավելի վաղ խմբավորումը հայտարարել էր, որ մտադիր է Սիրիայի, Իրաքի և Լիբանանի տարածքում հիմնել իսլամական խալիֆաթ: Իրաքում իրավիճակը կտրուկ սրվել էր, երբ հունիսի սկզբից «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» կոչվող խմբավորումը լայնածավալ գործողություններ էր սկսել Իրաքի հյուսիսում: ԻԼԻՊ խմբավորման հսկողության տակ են գտնվում Անբարի շրջանի մի քանի քաղաքներ, ինչպես նաև Նինվե նահանգի Մոսուլ քաղաքը: