Հայաստանում այսուհետ բոլոր խաղատների մուտքերը մշտապես կտեսաձայնագրվեն: Այդ նպատակով ՀՀ կառավարությունը հաստատեց «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Այն նախատեսում է, որ տեսախցիկները պետք է լինեն բարձր որակի (HD) տեսաձայնագրություն իրականացնող սարքեր՝ մթության մեջ նկարահանելու և տեսաձայնագրությունն առնվազն 10 օր պահպանելու հնարավորությամբ:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանի խոսքով՝ փոփոխությունն իրականացվում է իրավախախտումները կանխարգելելու և դրանք բացահայտումն ապահովելու նպատակով: Տեսաձայնագրող սարքը խաղասրահի դրսի կողմից պետք է տեղադրված լինի այնպես, որ հնարավորություն տա նկարահանելու և հետևելու խաղասրահի (դրսի կողմից) մուտքի մոտ կատարվող գործողություններին:

 

Խաղասրահի մուտքի դռան երկու կողմից պետք է փակցված լինեն «Խաղասրահի տարածքը և դրա շրջակայքը տեսագրվում են» բովանդակությամբ հայտարարություններ: