Հայաստանում այս տարի կարմրուկի դեպքեր չեն արձանագրվել: Ներկայում կարմրուկի բազմաթիվ դեպքեր ունեցող հարևան Վրաստանից բերովի դեպքերը վերահսկելու նպատակով նախարարությունը բոլոր բուժհիմնարկներին հրահանգել է ցուցակներից դուրս բերել չպատվաստվածներին ու հրավիրել պատվաստվելու:
ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը նշեց, որ պատվաստվելու հնարավորություն են ստացել նաև դրա տարիքային շեմն անցած անձինք։
«Մեզ մոտ կարմրուկի առումով իրավիճակը շատ ավելի բարենպաստ է: Այս տարի դեպքեր չունենք: Անցյալ տարի դեկտեմբերի վերջին Մոսկվայից Երևան բերովի մեկ դեպք էր գրանցվել: Եվ այդ մեկ դեպքով սահմանափակվեց: Համապարփակ միջոցառումներ ձեռնարկվեցին կարմրուկով հիվանդ մարդու հետ շփում ունեցած բոլոր անձանց հայտնաբերման ուղղությամբ: Գաղտնի շրջանն արդեն ավարտվել է: Եվ մենք այս պահի դրությամբ հաստատված լաբորատոր դեպք չունենք»,-ասաց Սահակյանն ու չբացառեց, որ հնարավոր է Վրաստանից բերովի դեպքեր լինեն:
Հարցին, թե բերովի դեպքերի տարածումը կանխելու նպատակով նախարարությունն ինչ է պատրաստվում անել, Սահակյանն ասաց, որ արդեն ձեռնարկել են որոշակի քայլեր: «Երբ Վրաստանի առողջապահության նախարարության կողմից հայտարարվեց, որ իրենց մոտ անպարենպաստ համաճարակային ֆոն է, ՀՀ առողջապահության նախարարությունն անմիջապես արձագանքեց: Եվ այս պահին բոլոր բուժհաստատություններին հրահանգված է, որ ցուցակներից դուրս բերեն բոլոր այն մարդկանց անունները, ովքեր թերի են պատվաստվել կամ ժամանակին հրաժարվել են պատվաստվել»,-ասաց Սահակյանը:
Սահակյանը նշեց, որ թեև պլանային պատվաստումներով կա երկու տարիքային խումբ՝ 1 և 6 տարեկանները, այնուամենայնիվ, հնարավորություն են տվել, որ ավելի մեծ տարիքի մարդիկ, եթե չունեն պատվաստումներ, դիմեն ու ստանան այն: Բոլոր այն անձինք, ովքեր իրենց պատվաստումային կարգավիճակի մասին չեն հիշում, ևս կարող են դիմել տեղամասային բժիշկներին ու ստանալ պատվաստում: Բժիշկներին ցուցում է տրված, որ ցուցակից դուրս բերեն չպատվաստված մարդկանց անուններն ու հրավիրեն պատվաստվելու:
Իսկ սահմանային անցակետերում վերահսկողություն իրականացնելու լիազորություն նախարարությունը չունի:
Հունվարի 21-ի տվյալներով Վրաստանում գրանցվել է կարմրուկի 430 դեպք. ցուցանիշը հատկապես բարձր Է 20-40 տարեկան մարդկանց շրջանում: Կարմրուկի զանգվածային տարածումից խուսափելու նպատակով Վրաստանի կառավարությունը հունվարի 18-ին կարգադրություն Է հրապարակել, որի համաձայն, կառավարության տարբեր գերատեսչություններ որոշակի պարտավորություններ ունեն: 0-19 տարեկան անձանց համար կարմրուկի դեմ պատվաստումը դառնում է պարտադիր: