Հայաստանը բիզնեսի համար ամենահարմար պետությունների Forbes-ի վարկանիշային ցուցակում զբաղեցրել է 56-րդ հորիզոնականը՝ առաջ անցնելով Ադրբեջանից, Ռուսաստանից և հետխորհրդային մի շարք երկրներից:
Forbes-ի' Հայաստանին առնչվող հատվածում նշվում է, որ պետությունը զարգացրել է ժամանակակից արդյունաբերական սեկտորը և քույր պետություններին ապահովում է տեքստիլով և այլ արդյունաբերական արտադրանքներով' փոխարենը նրանցից ստանալով հում հումք և էներգիա: Վարկանիշային ցուցակում ընդգծվում է, որ Հայաստանն ունի բաց առևտրային սահմաններ միայն երկու պետությունների' Իրանի և Վրաստանի հետ, քանի որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանը փակ է 1993 և 1991 թվականներից ի վեր: Նշվում է ենթակառուցվածքներում ռուսական ներկայության մասին: Մասնավորապես խոսք է գնում բնական գազը Ռուսաստանից ներկրելու մասին:
Զեկույցում խոսվում է, որ Հայաստանում առևտրային անհավասարակշռությունը կոմպենսացվել է միջազգային օգնության, արտասահմանում աշխատող հայերի գումարային փոխանցումների և արտաքին ուղիղ ներդրումների շնորհիվ: Վերջում եզրակացություն է արվել, որ Հայաստանի տնտեսական աճը և մրցունակությունն ապահովելու համար երկրի իշխանությունները պետք է տնտեսական բարեփոխումներ իրականացնեն և ուժեղացնեն օրենքի գերակայությունը, բարելավեն տնտեսական մրցունակությունն ու զբաղվածությունը:
Վարկանիշում Ադրբեջանը դարձյալ հետ է մնում Հայաստանից: Ադրբեջանն զբաղեցրել է 60-րդ տեղը' հետ մնալով Վրաստանից (47) և Հայաստանից (56):
Նախկին խորհրդային երկրներից վարկանիշում հայտնվել են Էստոնիան (22), Լիտվան (24), Լատվիան (36), Ղազախստանը (65), Մոլդովան (75), Ուկրաինան (88) և Ռուսաստանը (91): Բիզնեսի համար ամենալավ երկիրը 2014 թվականին Forbes-ը ճանաչել է Դանիան: Առաջին եռյակի մեջ են Հոնկոնգը և Նոր Զելանդիան: Forbes-ի «Բիզնեսի համար լավագույն երկրները-2014» վարկանիշ են մտել 146 երկրներ:
Նրանց նվաճումները հետազոտվել են 11 հատկանիշներով' քաղաքացիների անձնական ազատությունների մակարդակ, սեփականության իրավունքի և ներդրումների պաշտպանվածության աստիճան, գների կայունություն, ապրանքների և ծառայությունների արտահանման և ներկրման համար խոչընդոտների առկայություն, տեխնոլոգիաների զարգացման մակարդակ, ինովացիաների ներդրում, բիզնեսի վրա պետության ազդեցության աստիճան, կոռուպցիա, հարկային բեռ և բաժնետոմսերի շուկայի վիճակ: