Առևտրի կենտրոններում հացը և ձուն անհիմն թանկացել են, սակայն գները կկարգավորվեն: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով այսօր շրջայց է կատարել Երևանի խոշոր առևտրի կենտրոններով: «Հացն ու ձուն անիմաստ թանկացրել են արտադրողները, ովքեր այդ գնով տալիս են խանութին, որ վաճառի:
Արդյունքում վնասում են քաղաքացուն: Այս պահը նրանք օգտագործեցին, որ շահույթ շատ ստանան: Դա վատ է, և պետք է կարգավորվի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Հովիկ Աբրահամյանը:
ՀՀ վարչապետը նշել է, որ արդեն երրորդ խանութն է այցելում և դեռ շարունակելու է շրջայցը: «Հիմա պատկան մարմինները ևս շրջում են, և համոզված եմ, որ այսօր վաղը գները շտկվելու են: Երեկվա շոկից էր, որ ապրանքները միանգամից թանկացան: Մարդիկ հիմա դոլար են վաճառում 480 դրամով, որը երեկ գնել էին 580 դրամով, հիմա վնասվել են:
Երեկ մենք կատարել ենք քայլեր, մեր լծակները օգտագործել ենք և փորձել վեր հանել բոլոր ատյանները, որտեղ զբաղվել են սպեկուլյացիայով: Այդ մարդկանց մենք պատժելու ենք: Վստահ եմ, որ որոշ անհատներ որոշեցին օգտվել այս շոկից և դրամ կորզել ժողո վրդից, բայց այսօր արդեն այդ հարցերը կարգավորվելու են»,- ասել է նա:
Խոսելով Ազգային ժողովում արտահերթ նիստի մասին, որտեղ քննարկվել էր նաև թանկացւոմների հարցը, վարչապետը նշել է, որ չի փորձի քննարկել այդ նիստը: «Համոզված եմ, որ պատգամավորները փորձել են վեր հանել այդ իրավիճակը, դա իր դրական կողմերն ունի, որովհետև պատգամավորները պարտավոր են քննարկել այդ հարցերը»,- ասել է նա:
Հովիկ Աբրահամյանը նաև տեղեկացրել է, որ հանդիպել է միջազգային կառուցների ներկայացուցիչների հետ, քննարկել այդ հարցերը: «Մենք օգնելու ենք նաև Կենտրոնական բանկին՝ օգտագործելով մեր վարչական լծակները, որ պատժենք այն մարդկանց, ովքեր փորձում են օգտվել առիթից և փող կորզել»,- հավելել է նա:
Հայաստանի սպառողական շուկայում դրամի արժեզրկումից հետո թանկացումները նոր թափ են ստացել: Եթե մինչև նոյեմբեր ամիսը գնաճ էր նկատվում հատուկենտ ապրանքների մասով, ապա դեկտեմբերի երկրորդ 10-օրյակից հետո գրեթե բոլոր ապրանքների գները բարձրացել են: