ԼՂՀ մշակույթի և երիտասարդության պալատում դեկտեմբերի 18-ին տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն' նվիրված 2014թ. ամառային զորակոչի արդյունքների ամփոփմանը և 2014թ. ձմեռային զորակոչի խնդիրների քննարկմանը:

 

Խորհրդակցությանը ներկա են եղել ՊԲ բարձրաստիճան սպայակազմը, ԼՂՀ կառավարության անդամներ, ուժային կառույցների և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհրդակցությունը բացել և ներածական խոսքով հանդես է եկել ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:

 

Նախարարի ներածական խոսքին հաջորդել է հանրապետության գլխավոր զինկոմի զեկույցը, որում մանրակրկիտ վերլուծության են ենթարկվել ընթացիկ տարվա ամառային զորակոչի արդյունքները, շեշտվել են արձանագրված ձեռքբերումներն ու թերացումները, իսկ այնուհետև ներկայացվել է գալիք տարվա ձմեռային զորակոչի նախապատրաստման ուղղությամբ իրականացված աշխատանքների համալիրը:

 

Նախորդ և սպասվող զորակոչին վերաբերող հարցերի շրջանակն է ընդգրկել նաև ՊԲ կազմզորահավաքային բաժնի պետի զեկույցը: Բավարար գնահատելով ամառային զորակոչի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները' ելույթ ունեցողը խորհրդակցության մասնակիցների ուշադրությանն է ներկայացրել նաև զորամասերում և ստորաբաժանումներում' նոր համալրման ընդունման ուղղությամբ իրականացված ու իրականացվող նախապատրաստական գործընթացների ընդհանուր վիճակը:

 

Խորհրդակցությունն ավարտվել է ԼՂՀ պաշտպանության նախարարի ամփոփիչ խոսքով: Օրակարգային հարցերի շուրջ իր նկատառումները ներկայացնելով խորհրդակցության մասնակիցներին՝ հանրապետության պաշտպանության նախարարը մեկ անգամ ևս ներկաների ուշադրությունն է հրավիրել նախատեսվող գործընթացների ճիշտ և անթերի կազմակերպման վրա և դրանց կատարման ուղղությամբ տվել է համապատասխան հանձնարարականներ: