Facebook-ում ակտիվ յուրաքանչուր հային հայտնի է, թե ովքեր են այդ սոցիալական ցանցում ակտիվ քաղաքական գործիչները: Չթվարկելով բոլորին՝ փորձենք ուսումասիրել մեկին՝ ՀՀԿ-ական կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին:
Անշուշտ, ողջունելի է, երբ որևէ ոլորտը կարգավորող նախարար բաց է շփման համար: Էլ ավելի է ուրախացնում այն փաստը, որ այդ հասանելին ոչ թե շարքային նախարար է, այլ մեր երկրի կարևորագույն ոլորտները կարգավորող նախարար:
Հարկավոր է նաև հասկանալ, որ եթե 21-րդ դարում մարդ մի կուսակցության անդամ է (առավել ևս, փոխնախագահ), ապա զբաղվում է քարոզչությամբ, իսկ նախընտրական այս փուլում՝ ակտիվ քարոզչությամբ:
Սակայն մյուս կողմից մենք հարկեր ենք վճարում, որ դրանցից աշխատավարձ ստացող յուրաքանչյուր պաշտոնյա աշխատի մեզ համար: Մասնավորապես, Արմեն Աշոտյանը վարձատրվում է կրթության և գիտության ոլորտը աշխատանքային օրերին առավոտյան 09:00-18:00-ն համակարգելու համար:
Աշոտյանը պնդում է, որ Facebook-ն իրեն չի խանգարում աշխատել: Սակայն երեկ ձեր խոնարհ ծառան բանավեճի բռնվեց նրա հետ, և որոշ ժամանակ անց գիտակցեցի, որ արդեն մի քանի ժամ վատնել եմ քաղաքական այդ քննարկման վրա... Նույնքան ժամանակ, ըստ ամենայնի, վատնեց նաև նախարար Աշոտյանը:
Այսինքն՝ նախարարը այդ ժամերին բացառապես գործով զբաղվելու փոխարեն զբաղված էր իր կուսակցության քարոզը (կամ այլ կուսակցության/թեկնածուի հակաքարոզը) անելով:
Դեռ առանձին հարց է Արմեն Աշոտյանի գրառումների բովանդակությունը: Բայց դա արդեն քաղաքական հարց է և ոչ իրավական: Նախարարի՝ այսպիսի գործունեությամբ կամ, ավելի ճիշտ, պաշտոնեական անգործությամբ զբաղվելու դեպքում՝ մենք կարող ենք արձանագրել, որ Աշոտյանը պետական միջոցներ է վատնում (իր ստացած աշխատավարձի դիմաց աշխատելու փոխարեն՝ այլ գործով զբաղվելով):
Այստեղ պետք է հասկանալ, որ եթե Աշոտյանը ցանկանում է աշխատանքային ժամերին մասնակցել Սերժ Սարգսյանի քարոզարշավին, ապա պարտավոր է արձակուրդ մեկնել և հանգստությամբ ողջ օրն անցկացնել ֆեյսբուքում:
Նկարագրված պատկերի ֆոնին բացառապես զարմանալի չէ, որ Հայաստանում չի ավելանում գիտության ֆինանսավորումը, դպրոցներում խայտառակ մթնոլորտ է տիրում և, ինչպես արդեն արձանագրել էինք, բացարձակապես չեն կատարվել 2008-ին Սերժ Սարգսյանի տված (գիտության և կրթության ոլորտին վերաբերող) նախընտրական խոստումները:
Դանիել Իոաննիսյան