Նոյեմբերի 21-ին տեղի ունեցավ B2B ձևաչափով անցկացվող եզակի բիզնես միջոցառում՝ «Armenian Business meeting»-ը, որին ներկա էր ավելի քան հինգ տասնյակ առաջատար ընկերության ղեկավար և գլխավոր մասնագետ:
Բիզնեսի կառավարման հմտությունների մասին գործնական թրեյնինգ ներկաների համար անցկացրեց «Ayvazyan & Partners» կազմակերպության գործընկեր Վահե Այվազյանը: Լուրեր.com-ն այդ առթիվ զրուցեց Վահե Այվազյանի հետ:
- Հանդիսանալով Հայաստանի ամենաբարձր վարձատրվող բիզնես թրեյներներից մեկը՝ ինչպե՞ս ստացվեց, որ ընդունեցիք Armenian Business Meeting-ին որպես թրեյներ մասնակցության հրավերը:
- Դե, հրավիրեցին, վճարեցին, մասնակցեցի. սա որպես հումոր: Իսկ եթե լուրջ, ապա շատ ողջունելի էր Global Media Lab-ի նախաձեռնությունը, քանզի, ցավոք, նման բիզնես միջոցառումներ Հայաստանում շատ քիչ են կազմակերպվում, և ես, գիտակցելով այդ հանգամանքը, որոշեցի որպես մասնագետ իմ ներդրումն ունենալ B2B համագործակցությունների ընդլայնման հարցում: Որոշիչ դերակատարում ունեցավ նաև կազմակերպիչների մոտեցումը դեպի իրենց կատարած գործը, նրանց մեջ տեսա վստահելի գործընկերներ, որոնց հետ, կարծում եմ, դեռ երկար ճանապարհ կանցնենք, և հետագայում սպասվում են համատեղ բազմաթիվ միջոցառումներ: Կարևորում եմ նշել, որ Global Media Lab-ն իր ուսերին կրելով ոչ միայն ABM-ի պատշաճ կազմակերպումը, այլև բիզնես կոնֆերանսների մշակույթի ձևավորման առաքելությունը Հայաստանում, պատվով կատարեց իր առջև դրված խնդիրը, չնայած այն հանգամանքին, որ դա Global Media Lab-ի առաջին նախաձեռնությունն էր:
-Արդյոք կոնֆերանսի արդյունքում «Այվազյան Ընդ Փարթնըրս»-ը ձեռք բերե՞ց նոր գործընկերներ:
- Այո, ի զարման ինձ և չնայած այն հանգամանքին, որ ես ներկա էի գտնվում ABM-ին՝ որպես բիզնես թրեյներ, այլ ոչ թե որպես մասնակից կազմակերպության ներկայացուցիչ, ձեռք բերեցինք նոր գործընկեր՝ «Հայաստան Տեղեկատու»-ն: Այդ օրը մասնակցություն ունեցած այլ կազմակերպությունների կողմից նույնպես եղան իրենց ընկերությունների համար բիզնես թրեյնինգների կազմակերպման առաջարկներ, որոնք ընթացքում կիրականացնենք: Ուրախությամբ ավելացնեմ, որ բացի գործընկերներից, շնորհիվ Global Media Lab-ի կողմից մշակված անմիջական մթնոլորտի, ձեռք բերեցի նաև շատ լավ ընկերներ:
- Ի՞նչ տպավորություններ ստացաք կոնֆերանսից, և կայի՞ն արդյոք բացթողումներ:
-Ինչպես կոնֆերանսի ընթացքում նշեցի, մթնոլորտն էր շատ բարի և անմիջական, նման բան Հայաստանում դեռ չէի հանդիպել: Կար ձեռագիր, կար համակարգված աշխատանք, կար գրագետ և պատասխանատու մոտեցում: Ինչ վերաբերում է բացթողումներին, ապա ոչ ոք կամ ոչինչ անթերի չէ: Armenian Business Meeting-ի պարագայում թերություններն այնքան աննշան էին, որ հիմա դժվարանում եմ մտաբերել:
- Ըստ Ձեզ՝ ինչո՞ւմն է կայանում նմանատիպ բիզնես կոնֆերանսների կարևորությունը Հայաստանում և առհասարակ:
- Իրականում նման բիզնես հանդիպումները հիանալի հանարավորություն են ընձեռում մասնակիցներին ներկայացնել իրենց ծառայությունները և առաջարկները միմյանց, գտնել համագործակցության եզրեր և ունենալ իրենց տեղը հայկական փոքր շուկայում՝ դրանով իսկ նպաստելով տնտեսության աշխուժացմանը:
- Եվ վերջում, քանի որ ABM-ը կրելու է շարունակական բնույթ, ինչ խորհուրդ կտաք այն գործարարներին, ովքեր դեռևս չեն մասնակցել նմանատիպ միջոցառումների:
- Ե՛վ նրանց, ովքեր մասնակցում էին, և՛ նրանց, ովքեր դեռ չեն մասնակցել կոնֆերանսին, և ընդհանրապես բոլոր գործարարներին խորհուրդ կտամ համագործակցել նույնիսկ մրցակիցների հետ, ինչին ականատես եղանք հենց ABM-ի ընթացքում, երբ մրցակից ընկերությունները միմյանց փոխշահավետ համագործակցության առաջարկ արեցին: