Լոռու մարզի զորամասերից մեկի հրամանատար, գնդապետ Աշոտ Մարտիրոսյանին, հրամանատարի թիկունքի և ԿՇԾ գծով տեղակալ, փոխգնդապետ Աղվան Պողոսյանին և զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ Աշոտ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այ ս մասին է հայտնում դատական տեղեկատվական համակարգը։

 

Գնդապետ, ՀՀ ՊՆ 21833 զորամասի հրամանատար Աշոտ Մարտիրոսյանին ՀՀ Քրեական օրենսգրքի 376 հոդվածի առաջին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանում, որ նա նոյեմբերի 29-ից մինչև 2014թ. սեպտեմբերի 1-ը հանդիսանալով պաշտոնատար անձ, անփույթ վերաբերմունք է դրսևորել ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ, առանց ստուգելու 2012թ. դեկտեմբերից մինչև 2013թ. մարտ և նույն թվականի նոյեմբեր ամիսների աշխատանքային կարգագրերում նշված և որպես բանվոր ծառայողներ գրանցված Վոլոդյա Ղուլիջանյանի և Վարդան Ղազարյանի կողմից աշխատանքի հաճախելության վերաբերյալ կարգագրերում նշված փաստերի իրականությանը համապատասխանությունը, ստորագրել է աշխատանքային կարգագրերն ու զորամասի կնիքով հաստատել դրանք, որի հետևանքով նույն զորամասի կաթսայատան օպերատորներ գրանցված Վոլոդյա Ղուլիջանյանի և Վարդան Ղազարյանի հաշվեհամարներին որպես աշխատավարձ փոխանցվել է ընդհանուր 902 հազար 437 ՀՀ դրամ:

 

Զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ, բանվոր ծառայող Աշոտ Կարապետյանին ՀՀ Քրեական օրենսգրքի 314 հոդվածով և 308 հոդվածի առաջին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանում, որ նա, իր պաշտոնական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով' անձնական այլ շահագրգռածությունից ելնելով, զորամասի էլեկտրիկ, բանվոր ծառայողներ Մեսրոպ Հարությունյանի և երկրորդ պահակախմբի պետ Ռոման Գելաշվիլիի խնդրանքներին ընդառաջ գնալով' վերջիններիս կողմից հավելյալ աշխատավարձ ստանալու նպատակով թույլատրել է 2012թ. դեկտեմբեր-մարտ և 2013թ. նոյեմբեր-մարտ ամիսների ընթացքում զորամասի կաթսայատան սեզոնային օպերատորներ գրանցված, բանվոր ծառայողներ Վոլոդյա Ղուլիջանյանի և Վարդան Ղազարյանի փոխարեն կաթսայատան օպերատորի պարտականությունները կատարել և վարձատրություն ստանալ, իսկ 2013թ. դեկտեմբեր-մարտ ամիսների աշխատանքային կարգագրեր ում անձամբ ակնհայտ կեղծ գրառումներ է մտցրել, թե իբր Վ. Ղուլիջանյանը և Վ. Ղազարյանը ծառայությունից չեն բացակայել, այն դեպքում երբ վերջիններս ընդհանրապես ծառայության չեն ներկայացել:

 

Զորամասի հրամանատարի թիկունքի և ԿՇԾ գծով տեղակալ, փոխգնդապետ Աղվան Պողոսյանին ՀՀ Քրեական օրենսգրքի 376 հոդվածի առաջին մասով և 358.1 հոդվածի երկրորդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանում, որ նա հանդիսանալով պաշտոնատար անձ, անփույթ վերաբերմո ւնք է դրսևորել ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ, որի արդյունքում՝ կաթսայատան սեզոնային օպերատորներ գրանցված Վոլոդյա Ղուլիջանյանը 2012թ. դեկտեմբեր-մարտ և 2013թ.նոյեմբեր-մարտ և Վարդան Ղազարյանը 2013թ. նոյեմբեր-մարտ ամիսների ընթացքում աշխատանքի ընդհանրապես չեն ներկայացել, նրանց փոխարեն աշխատել և վարձատրություն են ստացել զորամասի էլեկտրիկ Մ. Հարությունյանը և երկրորդ պահակախմբի պետ, բանվոր ծառայող Ռ. Գելաշվիլին, իսկ 2013թ. դեկտեմբեր-մարտ ամիսների ընթացքում անձամբ ստորագրել է աշխատանքային կարգագրերն այն մասին, որ Վ. Ղուլիջանյ անն ու Վ. Ղազարյանն աշխատանքից չեն բացակայել:

 

Բացի այդ, Աղվան Պողոսյանը, 2014թ. հուլիսի 19-ին ժամը 09:45-ի սահմաններում, զորամասի ՎՔՆ ծառայության պետ, կապիտան Արտակ Սարգսյանի աշխատասենյակում վիճաբանել է վերջինիս հետ' դիտավորությամբ ձեռքով հրել է նրան, որից վերջինս ընկել է աթոռի վրա և ձախ գոտկային շրջանում զգացել է ֆիզիկական ցավ:

 

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրեն Բաղդասարյանը մեղադրյալներ Աշոտ Մարտիրոսյանի, Աշոտ Կարապետյանի, Աղվան Պողոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է ստորագրություն չհեռանալու մասին։