ՀՀ պաշտպանության նախարարության 54574 զորամասի 2-րդ գումարտակի հակատանկային դասակի հրամանատար ավագ լեյտենանտ Ռոբերտ Մկրտումյանին մեղադրանք է առաջադրվել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է դատական տեղեկատվական համակարգը։
ՀՀ ՊՆ 54574 զորամասի 2-րդ գումարտակի հակատանկային դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Ռոբերտ Մկրտումյանին ՀՀ քրեական օրենսգրքի 375 առաջին մասի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ, անձնական շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել է իր պաշտոնեական դիրքը և դրսևորելով անգործություն, 2013 թվականի օգոստոսի 7-ին նույն զորամասում մարտական պատրաստականության պլանի համաձայն անցկացվող պարապմունքի ընթացքում գումարտակի ականանետային, հակատանկային, կապի և ծանր զենքի դասակները դուրս է բերել նստեցման շ րջան' համապատասխան զինանոցից տեղափոխելով վերը նշված դասակների սպառազինությունը, իսկ պարապմունքի ավարտից հետո անձանակազմը վերադարձել է զորամասի մշտական տեղակայման վայր, չի վերահսկել սպառազինությունը, զինանոց հանձնելու գործընթացը և դրանց առկայությունը, իսկ երբ պարզվել է, որ հափշտակվել է 1400 հատ 7.62մմ տրամաչափի փամփուշտներով լի արկղերից մեկը, իրեն առաջադրված խնդիրները պատշաճ չկատարելու և հափշտակված զինամթերքը հայտնաբերելու նպատակով որևէ միջոց չի ձեռնարկել, որով էական վնաս է պատճառել զինվորական ծառայության կրման կարգին:
Էրեբունի և Նուբարաշենի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վլադիմիր Գրիգորյանը Ռոբերտ Մկրտումյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է ստորագրություն չհեռանալու վերաբերյալ։
Հիշեցնենք, որ վերը նշված զորամասի հրթիռա-հրետանային սպառազինության պետ Գրիգորի Նադիրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 375 և 376 հոդվածների առաջին մասերի հատկանիշներով'պաշտոնական դիրքը չարաշահելու համար, նույնպես մեղադրանք է առաջադրվել: