Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պատրաստ է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Նրա խոսքով' Վրաստանի իշխանությունն ունի նման պատրաստակամություն, սակայն ընդգծում է, որ դա պահանջում է լավ կազմակերպվածություն:

 

«Կասեմ, որ իմ հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն մեկնաբանություն է տարածել նման հանդիպում անցկացնելու պատրաստակամության մասին: Սակայն երբ այն կկայանա, ինչ ֆորմատով, չգիտեմ: Դա լավ կազմակերպվածություն է պահանջում, դա չպետք է լինի հանդիպում հանուն հանդիպման: Մենք ևս մեկ անգամ նրանց հետ հանդիպելու պատրաստակամություն ենք հայտնում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' վրացական լրատվամիջոցներին ասել է Ղարիբաշվիլին:

 

Ավելի վաղ ՌԴ առաջնորդ Պուտինը պատրաստակամություն էր հայտնել Մոսկվայում ընդունել Վրաստանի իշխանություններին: Նման հանդիպման հնարավորության մասին Պուտինն իր վերջին մեծ ասուլիսում ասել էր. «Եթե վրացական ղեկավարությունը հնարավոր կհամարի, մենք ուրախ կլինենք վրացական կառավարության յուրաքանաչյուր ներկայացուցչի, և նախագահին, և վարչապետին ընդունել Մոսկվայում»:

 

Ռուս-վրացական հարաբերությունները փակուղի են մտել 2008 թվականի վրաց-օսական և աբխազական հակամարտությունից հետո: