Գյումրու գլխավոր տոնածառի լույսերը վառվեցին դեկտեմբերի 20-ին: Տեղի ունեցավ համերգային ծրագիր՝ գյումրեցի երգիչ-երգչուհիների, պարային խմբերի, ինչպես նաև Ձմեռ պապի և Ձյունանուշի մասնակցությամբ: Ի դեպ, վերջիններս ժամանեցին ոչ թե ավանդական կառքով, այլ ռետրո-ավտոմեքենայով: Միջոցառման ավարտին մասնակիցների տրամադրությունն էլ ավելի բարձրացրեց շքեղ հրավառությունը:

 

Այս տարի հանրապետության երկրորդ քաղաքը ամանորյա տոներին պատրաստվել է յուրովի ՝ավելի շքեղ ու գեղեցիկ: Գյումրու քաղաքապետարանի նախաձեռնությամբ, քաղաքի տարբեր հատվածներում, տեղադրվել են 40 տոնածառ ու զարդարանքներ, իսկ կենտրոնական փողոցներում՝ տոնական լուսավորություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց քաղաքապետարանի մամուլի քարտուղար Լիլիթ Մակարյանը, ամբողջ ամանորյա ծախսերի համար համայնքային բյուջեից նախատեսված է շուրջ 9.6 մլն դրամ:
 

Ի դեպ, կենտրոնական հրապարակում դեկտեմբերի 31-ին գիշերը՝ ժամը 1-ին ևս տեղի կունենա շքեղ ամանորյա հրավառություն, կհնչի քաղաքապետի շնորհավորական ուղերձը:

 

Արմենուհի Մխոյան