Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը վառվեցին` ազդարարելով մայրաքաղաքում ամանորյա միջոցառումների սկիզբը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` արարողությանը ներկա էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Հանրապետության հրապարակում էին հավաքվել մեծ թվով մարդիկ, ում համար կազմակերպված էր տոնական համերգ` հայտնի կատարողների մասնակցությամբ:
Մինչ լույսերը կվառվեին, քաղաքապետի օգնությամբ երեխաներից մեկը տոնածառի վրա կախեց վերջին խաղալիքը և հետհաշվարկից հետո վառվեցին լույսերը, դրանց հետ մեկտեղ` նաև մայրաքաղաքի 12 վարչական շրջանների տոնածառերի և փողոցների ամանորյա զարդարանքի մաս կազմող լույսերը:
Այնուհետև հաջորդեց հրավառությունը և շարունակվեց նախատոնական համերգը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքապետարանը կպարգևատրի լավագույն ձևավորման իրականացրած քաղաքացիներն ու տնտեսվարողներին:
Դեկտեմբերի 23-ին` ժամը 17:00-ին, էլ տեղի կունենա Կարապի լճի սահադաշտի հերթական տարեշրջանի բացումը: