Հանուն ժողովրդավարության համաշխարհային շարժումը (World Movement for Democracy) պաշտոնական Բաքվին կոչ է արել անհապաղ ազատ արձակել ձերբակալված իրավապաշտպաններին եւ խոր անհանգստություն է հայտնել Ադրբեջանում քաղաքացիական հասարակության համար իրավիճակի շարունակվող վատթարացման պատճառով:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին տարածած հայտարարության մեջ ասվում է. «Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը մարդասիրական նկատառումներով անհապաղ ազատ արձակել Լեյլա Յունուսին, Արիֆ Յունուսին եւ Ինթիգամ Ալիեւին: Կալանավայրում Լեյլա Յունուսի առողջական վիճակը վատթարացել է, նրա կյանքը վտանգի տակ է: Վատացել է նաեւ նրա ամուսնու' Արիֆի եւ Ինթիգամ Ալիեւի վիճակը»: Փաստաթղթում հիշատակվում են նաեւ Ադրբեջանում ձերբակալված իրավապաշտպաններ Ռասուլ Ջաֆարովի, Իլգար Համեդովի, Խադիջա Իսմայիլովայի եւ ուրիշների անունները:

 

«Հանուն ժողովրդավարութւյան համաշխարհային շարժումը բազմիցս միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի' դեպի ծայրահեղ ավտորիտարիզմ սողալու վրա: Մենք շարունակելու ենք դա անել նաեւ հետագայում' կապված մարդու իրավունքների եւ ժողովրդավար ակտիվիստների ընդլայնվող հետապնդումների հետ, եւ կոչ անել ադրբեջանական կառավարությանը հարգել ժողովրդավարության ոլորտում պարտավորությունները, որոնք նա ստանձնել է Եվրոպայի Խորհուրդ մտնելու ժամանակ», -ասվում է փաստաթղթում:

 

«Ղեկավար կոմիտեի անդամները Ադրբեջանի կառավարությանը կոչ են անում վերջ դնել քաղաքացիական հասարակության դաժան ճնշումներին: Ադրբեջանական կառավարության բռնաճնշումներն աննախադեպ են Եվրոպայի Խորհրդի համար: Ադրբեջանում մոտ 100 քաղբանտարկյալ կան, իսկ ոչ կառավարական կազմակերպությունների գործունեությունը գործնականում արգելափակված է: Սեպտեմբերի 18-ին Եվրախորհրդարանը բանաձեւ է ընդունել' Ադրբեջանի իշխանություններին կոչ անելով ազատել բոլոր քաղբանտարկյալներին, եւ դիմելով Եվրոպայի Խորհրդին քննարկել մարդու իրավունքների համար պատասխան ուտ անձանց նկատմամբ նպատակաուղղված պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը: Սակայն այդ բանաձեւի ընդունումից մի քանի ամիս հետո Ադրբեջանում իրավիճակը զգալիորեն վատացել է: Արդյունքում քաղաքացիական համերաշխության պլատֆորմը, որն իր մեջ 25 եվրոպական եւ եվրասիական կազմակերպություններ ունի, կոչ է արել Ադրբեջանին վտարել Եվրոպայի Խորհրդից», -նշված է փաստաթղթում:

 

Չնայած միջազգային կառույցների բազմաթիվ կոչերին' Ադրբեջանի իշխանութունների կուրսի փոփոխություն տեղի չունեցավ: «Այդ պատճառով մենք Եվրոպայի Խորհրդին կոչ ենք անում դադարեցնել Ադրբեջանի անդամությունը' մինչեւ չհանվեն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների վրայից բոլոր մեղադրանքները եւ ազատ չարձակվեն նրանք ու նաեւ բոլոր իրավաբանները, լրագրողները եւ քաղաքական ակտվիստները, ովքեր այժմ գտնվում են ճաղերի հետեւում իրենց մասնագիտական գործունեության համար», -ասվում է փաստաթղթում:

 

Հանուն ժողովրդավարության համաշխարհային շարժումը ներառում է տասնյակ հասարակական կազմակերպություններ տարբեր երկրներից, իսկ նրա Ղեկավար կոմիտեն բաղկացած է պետական նախկին գործիչներից եւ հայտնի միջազգային ոչ կառավարական կառույցների 24 առաջնորդից: