Կար ժամանակ, երբ Հայաստանից արտահանում էին ոչ միայն տեղական արտադրանք՝ գինիներ, կոնյակներ, պահածոներ և այլն, այլև տեղական ոչխարներ, քանզի նրանց անմահական համը մնացել էր որոշ արաբ կամ պարսիկ շեյխերի բերաններում: Չնայած ոչխարի առուծախով զբաղվելը վատ գործ չէ, բայց, այնուամենայնիվ, ոչխարի կրիզիսն էլ մի բան չէ, թեկուզ ինչու՞ միայն ոչխարի…

 

Արդեն որքան ժամանակ է, ինչ շրջանառվում են լուրեր այն մասին, որ հայկական շուկայում մսի պակաս է զգացվում, Հայաստան մսամթերք ներկրող ընկերությունները կանգնած են «կռախի» առաջ, իսկ ավելի կոնկրետ՝ նրանց «օդերը պարզապես փակվել են», այն էլ պետական մակարդակով:

 

Ըստ լուրերի' սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նորաթուխ պետը՝ Արմեն Հայրապետյանը, օգտվելով սեփական դիրքից, փորձում է իր պաշտոնը չարաշահելու միջոցով ճնշել միս ներկրող ընկերություններին և դաշտն ամբողջությամբ վերցնել իր ձեռքը: Ճշտելու համար, թե արդյո՞ք լուրերը համապատասխանում են իրականությանը, և քանի՞ ընկերություններ են ներկայումս զբաղված մսամթերքի ներկրման գործով, Orer.am-ը փորձեց կապ հաստատել և ճշտել հենց Ա. Հայրապետյանից, ով հարցը լսելուց անմիջապես հետո խնդրեց հարցերը գրավոր կերպով ուղարկել իր օգնականին, քանի որ ինքն այդ պահին շատ զբաղված է: Օգնականներին հարցերն ուղարկելու ու կիսալղոզված և հեքիաթային ժանրից պատասխաններ ստանալու ցանկություն թերևս չունենք, քանի որ վերջիններս ճշմարտությունը բացահայտելու դեպքում կարող են զրկվել սեփական աթոռակից․ ամեն ինչ պարզ է ու տրամաբանության շրջանակներում:

 

Օգնականներին պաս տվող պետին այս պարագայում կարելի է հասկանալ, միգուցե նրա գիտելիքները պարզապես չեն բավարարում ամենապարզ հարցերին պատասխաններ տալու համար, չէ՞ որ մասնագիտությամբ պատմաբանը դժվար կարող է պատկերացում ունենալ, ասենք ՝ մսի որակից կամ էլ դրա պիտանելիությունից: ՍԱՊԾ պետին թերևս ավելի շատ պետք է հարցնել Տիգրան Մեծից, Ավարայրի ճակատամարտից, մեր ֆիդային տղերքից, բայց ոչ թե բանանից, տանձից, խնձորից և այդպես շարունակ:

 

Թե որքան կտևի պատմաբանի աշխատանքը տվյալ ոլորտում, դժվար է պատկերացնել, դա կապված է նրանից, թե որքան բարձր է Հայրապետյանի, իսկ միգուցե նաև ժողովրդի իմունիտետը՝ դիմակայելու գործում, թեկուզ ի՞նչ խոսք, մեր ժողովուրդը սովոր է էքստրիմի սիրահար պաշտոնյաների, եթե Խաչատրյանը պատմափիլիսոփայական գիտությունների դոկտոր է, իսկ Դերենիկ Դումանյանի թուրքագետ որդին ՍԱՊԾ աշխատակազմի ղեկավար, ապա դուք էլ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ եղեք, ի՞նչ կա որ, ժողովուրդը մի կերպ յոլա կտանի, մնում է ղեկավարությունը չհիասթափվի, քանի որ «բարդակ» միջավայրից և անսահման տգիտությունից շատ անգամ վերևներում նստած չինովնիկներն էլ են հոգնում:



Սոսե Չանդոյան