Հիմնանորոգվել և շահագործման են հանձնվել Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի (Մ2) Սիսիանի տարածաշրջանում գտնվող ճանապարհահատվածները: Աշխատանքներն իրականացվել են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի պատվերով'«Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» ծրագրի շրջանակներում: Ավտոճանապարհի 197-199-րդ (կմ196+600-կմ198+530) և 201-203-րդ (կմ200+200-կմ202+200) կմ երկարությամբ ճանապարհահատվածների ասֆալտբետոնե ծածկը քայքայված էր:

 

Հիմնանորոգված ճանապարհային հատվածների ընդհանուր երկարությունը 3.93 կմ է: «Սիսիանի ԲՈւԱՏ» ՍՊ ընկերության ճանապարհաշինարարների կողմից իրականացվել են հողային պաստառի և ջրահեռացման համակարգի վերականգնման, ասֆալտբետոնե ծածկի կառուցման, կողնակների վերականգնման, իջատեղերի ասֆալտապատման և արհեստական կառուցվածքների նորոգման աշխատանքներ: Անվտանգության նկատառումներից ելնելով' տեղադրվել են մետաղական նոր արգելափակոցներ, ճանապարհային նշաններ, ազդանշանային սյուներ, կատարվել է գծանշում:

 

Աշխատանքներն իրականացվել են ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին: Կապալի պայմանագրային արժեքը 451. 207. 480.73 ՀՀ դրամ է:

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հրամանով ձևավորված շինարարական աշխատանքներն ընդունող հանձնաժողովի կազմում ընդգրկվել են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության, «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի, «Տրանսպորտի ԾԻԳ» ՊՀ-ի, ՀՀ Սյունիքի մարզպետարանի, ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության, կապալառու կազմակերպության, տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպությունների պատասխանատու աշխատակիցներ, ՀՀ Սյունիքի մարզի Անգեղակոթ և Շաքի համայնքների ղեկավարները։