Ադրբեջանի ընդդիմադիր ուժերն այսօր այդ երկրում անցկացվող ՏԻՄ ընտրություններում զանգվածային իրավախախտումներ են հայտնաբերել:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ենի Մուսավաթ» թերթը հայտնում է լուրջ խախտումների մասին: «Մուսավաթ» կուսակցության մամուլի տեղեկագրում, մասնավորապես, ասվում է, որ Բաքվի Բինագադիի թիվ 9 ընտրական շրջանի թիվ 17 եւ թիվ 18 ընտրատեղամասերի անդամները վռնդել են «Ենի Մուսավաթ» թերթի աշխատակից Ջավանշիր Աբբասլըին:

 

Իրավախախտումներ են գրանցվել նաեւ Մինգեչաուրի թիվ 1,2,4,5,7,8,21 ընտրական տեղամասերում, Բիլյասուվարի թիվ 66, Մասալլըի թիվ 71, Աղստաֆայի թիվ 108, Բինագադիի թիվ 13,14,16 ընտրատեղամասերում:

 

Ըստ թերթի, ամենատարածված խախտումը մեկ ընտրողի կողմից քվեաթերիկների զանգվածային լցոնումն է եւ միույնույն անձի' մի քանի տարբեր ընտրատեղամասերում քվեարկելու դեպքերը:

 

Azpolitka.info լրատվական կայքը տեսանյութ է հրապարակել, որում «Ազադլըգ Ռադիոսու» ռադիոկայանի թղթակիցը ֆիքսել է տարբեր ընտրատեղամասերում միեւնույն անձի կողմից քվերակության փաստը:

 

«Ենի Մուսավաթ» թերթն Ադրբեջանում ընտրությունների կեղծման վերաբերյալ այսօր առավոտյան համացանցում սկանդալային տեսանյութ էր տարածել, որում բացահայտել էր, որ ընտրություններն ընթանում են ավանդույթի համաձայն' լցոնումներով:

 

Բաքվի Յասամալի շրջանի թիվ 12 ընտրատեղամասում քվեարկության ընթացքը լուսաբանող Meydan TV հեռուստաալիքի լրագրողից ընտրատեղամասի պատասխանատուները փորձել են խլել խցիկը' գործը հասցնելով նրան ծեծելուն: Լրագրողին հաջողվել է նկարահանել, թե ինչպես է քվեարկած մի կին տեղամասի հանձնաժողովի անդամների ներկայությամբ քվեատուփ նետել ընտրաթերթիկների մի ամբողջ խուրձ:

 

Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցությունները չեն մասնակցում ՏԻՄ ընտրություններին: Ընտրություններին որպես դիտորդ արտասահմանից ոչ մի կազմակերպություն չի մասնակցում: Դիտորդական առաքելություն ուղարկելուց հրաժարվել է նաեւ Եվրոպայի Խորհուրդը: