Նավթի էժանացումից հետո Ադրբեջանի պետական կառույցներում սկսված զանգվածային կրճատումները նոր թափ են առել:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ազադլըգ» թերթը, այս անգամ կրճատումներն արվում են տարիքային ցենզի անվան տակ:

 

«Եթե նախկինում տարիքավոր աշխատակիցներին ազատում էին աշխատանքից պետական կառույցները երիտասարդ կադրերով համալրելու անվան տակ, այժմ այդպես չէ, հիմա պարզապես կրճատումներ են ընթանում: Այսինքն' տարիքային ցենզի պատճառաբանությամբ աշխատանքից ազատվողները երիտասարդ կադրերով չեն փոխարինվում», -թերթին հայտնել է կառավարական աղբյուրը:

 

Նշվում է, որ կրճատումներն ընթանում են բոլոր պետական կառույցներում: Աղբյուրի խոսքով' տարիքային ցենզի պատճառով կրճատումների արդյունքում հազարավոր մարդիկ կկորցնեն աշխատանքը:

 

«Դեռ անցյալ տարի մանկավարժների' տարիքային ցենզից ելնելով կրճատումների պատճառով ավելի քան 10 հազար մարդ կորցրեցին աշխատանքը: Իսկ այժմ կրճատումներ են կատարվում բոլոր պետական կառույցներում», -հայտնել է աղբյուրը' նշելով, որ գործազուրկների բանակը համալրողների թիվը Ադրբեջանում կարող է հասնել հարյուր հազարների:

 

Նավթի համաշխարհային գների անկման հետ կապված՝ Ադրբեջանի նավթի եւ գազի արդյունահանման եւ վերամշակման ոլորտում սկսված զանգվածային կրճատումները տարածվել են բոլոր ոլորտների վրա:

 

Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերթքները, իսկ երկրի պետբյուջեն 87 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:

 

Ադրբեջանի 1915 թվականի պետբյուջեում նավթի գինը մեկ բարելի համար նախատեսված է 90 դոլար: Ներկայում այն արդեն պետբյուջեում նախատեսվածից մոտ 44 դոլարով ցածր է: