Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) «Ազերնեֆթյաղ» նավթավերամշակման գործարանի շահագործումը դադարեցնելու գործընթաց է սկսել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ազադլըգ» թերթը, հայտարարել է Նավթագործների իրավունքների պաշտպանության կազմակերպության նախագահ Միրվարի Գահրամանլըն:

 

Նրա խոսքով' «Ազերնեֆթյաղ»-ը միացվում է Բաքվի Հեյդար Ալիեւի անվան նավթավերամշակման գործարանին, ինչի պատճառով կարող է աշխատանքով ապահովվել այնտեղ աշխատող 2300 նավթագործների միայն փոքր մասը: Գահրամանլըն նշել է, որ SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլլաեւն արդեն ստորագրել է «Ազերնեֆթյաղ»-ը փակելու վերաբերյալ հրամանագիրը:

 

Նավթագործների իրավապաշտպանը հայտնել է, որ Ադրբեջանի նավթարդյունաբերության գործարարններում զանգվածային կրճատումները նոր թափ են ստացել: Նրա խոսքով' 57-63 տարեկան նավթագործներին հարկադրաբար աշխատանքից ազատելու գործողություններ են իրագործվել Global Energy ընկերության 5 ձեռնարկություններից «Նեֆթչալա» գործարանում, որտեղ վերամշակվում է Խըլլը, Դըրովդաղ, Բազանան նավթահորերից արդյունահանվող նավթը:

 

Նավթարդյունաբերության ոլորտում սկսված զանգվածային կրճատումները Գահրամանլին պայմանավորել է համաշխարհային շուկայում նավթի գների կտրուկ անկման հետ:

 

«Նավթագործների համար ծանր շրջան է սկսվել: Միայն «Նեֆթչալա»-ում 60-ից ավելի նավթագործ է կրճատվել: British Petrolium-ը հայտարարել է 15 տոկոս կրճատումների մասին: Սակայն հավանական է, որ կրճատվողների թիվն ավելի մեծ լինի: Բնական է, որ այնտեղ առաջին հերթին կկրճատեն տեղացիներին: Դեռեւս դժվար է ասել, թե ինչքան աշխատակից կկրճատի SOCAR-ը: Այնտեղ արդյունահանման ծավալները խիստ նվազել են: Հունվար-փետրվարից հետո այնտեղ կմնան 40-45 հազար աշխատակից», -ասել է նա:

 

Ուշագրավ է, որ SOCAR-ում արդեն սկսել են հաշվել նավթի գնի անկման հետեւանքով սպասվող կորուստները: SOCAR-ի փոխնախագահ Սուլեյման Գասըմովը այսօր Բաքվում կազմակերպված մամուլի ասուլիսում հայտարարել է, որ եթե նավթի մեկ բարելի ներկայիս 60 դոլար գինը պահպանվի նաեւ 2015 թվականին, ապա Ադրբեջանի պետական նավթային ընկերության կորուստը կկազմի մոտ 40 մլն մանաթ (մոտ 51 մլն դոլար):

 

SOCAR-ի մարկետինգի եւ տնտեսական գործողությունների վարչությունը faktxeber.com-ին հայտնել է, որ Լոնդոնի ICE (“İnterContinental Exchange Futures”) ապրանքային սակարանում «ԱզերիLayt» տեսակի նավթի մեկ բարելի գինը դեկտեմբերի 24-ին կազմել է 60,88 դոլար, Brent տեսակի նավթի մեկ բարելի գինը' 60,24 դոլար, Նյու Յորքի NYMEX (“New York Mercantile Exchange”) ապրանքային սակարանում էլ Layt տեսակի նավթի մեկ բարելի գինը կազմել 55,84 դոլար:

 

Ադրբեջանի 2015 թվականի պետական բյուջեում նավթի գինը նախատեսված է 90 դոլար: Ադրբեջանական Media forum լրատվական կայքն ավելի վաղ հայտնել էր, որ անցյալ շաբաթ «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նշել էր, որ նավթի գնի անկումը բացասական ազդեցություն է թողնելու երկրի սոցիալ-տնտեսական ծրագրերի վրա:

 

Ադրբեջանի պետբյուջեն 66 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին, առկա է նաեւ անուղղակի կախվածություն: Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները:

 

Նավթի գների անկման հետ կապված' Ադրբեջանի նավթարդյունաբերության ոլորտում էներգակիրների արդյունահանման ծավալների եւ աշխատակիցների զանգվածային կրճատումները շարունակվում են: