Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) կողմից Ադրբեջանի պետական բյուջե կատարած մուծումները 2016 թվականի նոյեմբերին կազմել են 116 մլն 193 հազար մանաթ, ինչը նախորդ տարվա նոյեմբերի համեմատ 17 մլն 406 հազար մանաթով կամ 13,03 տոկոսով պակաս է:

Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

SOCAR-ի հաղորդման համաձայն' 2016 թվականի հունվար-նոյեմբերին նավթային ընկերության կողմից երկրի պետբյուջե կատարված մուտքերը կազմել են 1 մլրդ 266 մլն 365 հազար մանաթ, ինչը 2015 թվականի 11 ամիսների ընթացքում կատարված մուտքերի համեմատ 138 մլն 510 հազար մանաթով կամ 9,86 տոկոսով պակաս է:

Fins.az լրատվական կայքը, հղում կատարելով Նավթ արտահանող երկրների կազմակերպության (OPEC) զեկույցին, հայտնել էր, որ 2016 թվականին Ադրբեջանում նավթի արտադրանքի միջին ծավալը օրական 20 հազար բարելով պակասելու է:

OPEC-ի կանխատեսումներով' Ադրբեջանում միջին տարեկան կտրվածքով նավթի օրական արտադրանքի ծավալը չի գերազանցի 820 հազար բարելը:

Ադրբեջանում նավթի արդյունահանման ծավալները գագաթակետին էին հասել 2009-2010 թվականներին, երբ 1 մլն բարելից ավելի նավթ էր արդյունահանվում, սակայն, դրանից հետո այն սկսել է ընկնել:

2016 թվականի հունվարից սկսած Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը' SOCAR-ը, անցյալ տարվա համեմատ զգալիորեն կրճատել է նավթի արդյունահանման ծավալները, ինչը կապված է ինչպես նավթի համաշխարհային շուկայում պահանջարկի նվազման, այնպես էլ ադրբեջանական նավթահանքերում նավթի պակասելու հետ: