Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը գաղտնի ֆինանսավորել է ԱՄՆ Կոնգրեսի 10 անդամի և անձնակազմի 32 անդամի ուղևորության բոլոր ծախսերը դեպի Բաքու՝ այնտեղ 2013-ին անցկացված՝ Կասպից ծովի գիտաժողովին մասնակցելու համար: Այս մասին հաղորդում է The Washington Post ամերիկյան պարբերականը՝ վկայակոչելով խմբագրությունում հայտնված՝ էթիկայի գաղտնի զեկույցը:
Զեկույցի համաձայն՝ օրենսդիրները և նրանց աշխատանքային անձնակազմի անդամները հարյուր-հազարավոր դոլարներ են ստացել գործուղման ծախսերի համար, ինչպես նաև` մետաքսե շարֆեր, բյուրեղապակյա սպասք և ադրբեջանական գորգեր՝ 2500-10 000 դոլար արժողությամբ: Ճանապարհորդական հաշիվները ցույց են տալիս, որ կոնգրեսականների ճանապարհածախսը կազմել է 112 899 դոլար:
Համաձայն Կոնգրեսի էթիկական գրասենյակի 70 էջից բաղկացած զեկույցի՝ Ադրբեջանի SOCAR պետական նավթային ընկերությունը ԱՄՆ-ում գործող շահույթ չհետապնդող ընկերությունների միջոցով 750 000 դոլար է ուղղել գիտաժողովի ֆինանսավորման աղբյուրը թաքցնելու համար:
Այն հանգամանքը, որ ոչ առևտրային կազմակերպությունները Կոնգրեսի հետ ստել են, թե իբր իրենք են հովանավորել համաժողովին մեկնելու ծախսերը, ներկայացվել է Ներկայացուցիչների պալատի Էթիկայի հանձնաժողովի քննարկմանը պարզելու համար, թե արդյոք տեղի չեն ունեցել Կոնգրեսի կանոնակարգի և դաշնային օրենքների խախտումներ, այդ թվում՝ օտար երկրների կողմից ԱՄՆ քաղաքականությանը միջամտելու փորձեր:
Համաժողովը, որ կրում էր «Միացյալ Նահանգներ-Ադրբեջան համագումար. ապագայի տեսլական» խորագիրը, կայացել է 2013 թվականի մայիսի 28-29-ին: