2015 թվականի հունվար-փետրվար ամիսնեին պետբյուջե Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) կողմից հարկային փոխանցումները 35 տոկոսով պակասել են:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ազադլըգ» թերթը, նշվում է ընկերության պաշտոնական կայքում: Դրա համար որպես պատճառ նշվում է նավթի համաշխարհային գների անկումը, ինչպես նաեւ Ադրբեջանում նավթարդյունաբերության ոլորտում նավթի արդյունահանման ծավալների զգալիորեն կրճատվելը:

 

SOCAR-ն ընթացիկ տարվա առաջին երկու ամիսներին, անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, 5,5 տոկոսով նվազեցրել է նաեւ Ադրբեջանի պետական սոցիալական ապահովության հիմնադրամին արվող փոխանցումները:

 

2014 թվականին SOCAR-ի փոխանցումը պետբյուջե կազմել էր 1,855 մլրդ մանաթ, իսկ 2015 թվականին այդ ցուցանիշը նախատեսված է 1,5 մլրդ մանաթ:

 

Ադրբեջանական ANS PRESS լրատվական գործակալությունը հաղորդել է, որ ադրբեջանական թեթեւ նավթի գինը, մարտի 6-ի համեմատ 4,32 դոլարով նվազելով, մարտի 11-ին կազմել է 58,22 դոլար: Brent տեսակի նավթի գինը մեկ բարելի դիմաց կազմել է 55,83 դոլար, իսկ WTI նավթի գինը' մեկ բարելի դիմաց 48,97 դոլար:

 

Միջազգային սակարանների հեղինակավոր փորձագետների կարծիքով' նավթի գների անկումն առաջիկայում շարունակվելու է:

 

Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերթքները, իսկ երկրի պետբյուջեն 87 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:

 

Ադրբեջանի 2015 թվականի պետբյուջեում նավթի գինը մեկ բարելի համար նախատեսված է 90 դոլար: Ներկայում այն արդեն պետբյուջեում նախատեսվածից մոտ 40 դոլարով ցածր է: