Հայաստանում պետական բյուջեի եկամուտներն այս տարվա 9 ամիսների արդյունքում կազմել են 1 տրլն 708 մլրդ դրամ՝ 2022-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 13.8 տոկոսով:
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց Ֆինանսների փոխնախարար Վահան Սիրունյանը 2023 թվականի պետական բյուջեի ինն ամիսների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքի քննարկմանը:
Փոխնախարարն ընդգծեց, որ 2023թ. 9 ամիսներին պետական բյուջեի հարկային եկամուտները շարունակել են աճել բարձր տեմպով՝ պայմանավորված հիմնականում բարձր տնտեսական աճի պայմաններում հարկային բազայի ընդլայնմամբ, ինչպես նաև հարկային վարչարարության ջանքերով:
«Պետական բյուջեի եկամուտները ծրագրի նկատմամբ գերակատարվել են: Եկամուտները 2023թ 9 ամիսների համար կազմել են 1 տրլն 708 մլրդ դրամ՝ 2022-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 13.8 տոկոսով: Ծախսերն 9 ամիսների համար կազմել են փաստացի 1 տրլն 633 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 12.7 տոկոսով, իսկ կատարողականը կազմել է 84.6 տոկոս»,-ասաց Սիրունյանը:
Ըստ նրա՝ հավելուրդը կազմել է 74.6 մլրդ դրամ՝ պլանավորված 248.4 մլրդ դրամ պակասուրդի դիմաց: