Ադրբեջանի ֆինանսների նախարարությունը մասնակիորեն հրապարակել է պետական արտաքին պարտքի մասին տեղեկությունը, որի համաձայն' տարվա սկզբից պարտքերի ծավալը, հաշվի առնելով ընթացիկ պարտքերի եւ դրանց տոկոսների մարումը, 2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ, 146 մլն ԱՄՆ դոլարով կամ 2,2 տոկոսով աճել է:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական ԶԼՄ-ները' հղում կատարելով ֆինանսների նախարարությանը, հայտնում են, որ ՀՆԱ-ի նկատմամբ արտաքին պարտքի տեսակարար կշիռը կազմում է 12,2 տոկոս, այն ժամանակ, երբ տարվա սկզբին այդ ցուցանիշը 3,6 տոկոս կետով ցածր է եղել (8,6 տոկոս):

 

Հետաքրքիր է, որ 2015 թվականի առաջին կեսին արտաքին պարտքի ծավալը, մանաթով արտահայտված, 36,6 տոկոսով աճել է:

 

Փորձագետները նշում են, որ շատ դեպքերում, պետական ընկերությունների կողմից միջազգային վարկավորման կազմակերպություններից փոխառված պարտքերը մարվում են պետբյուջեի հաշվին:

 

«Թուրան»-ը հաղորդում է, որ Ադրբեջանում 4,8 տոկոսով նվազել են նաեւ հարկային մուտքերը:

 

Ադրբեջանի հարկային նախարարության տվյալներով' 2015 թվականի հունվար-սեպտեմբերին հավաքվել է 4,8 տոկոսով պակաս հարկեր, քան 2014 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ: Ընդ որում, տարվա սկզբից Ադրբեջանում հարկադրման բազան 58 հազար 473 հարկատուներով աճել է:

 

Ի տարբերություն անցյալ տարվա, Ադրբեջանի հարկային նախարարությունը տեղեկատվություն չի ներկայացրել ոչ նավթային հատվածից հարկային մուտքերի մասին: