2016 թվականին Ադրբեջանի արտաքին պարտքի չափը կգերազանցի ՀՆԱ-ի 30 տոկոսը:

 

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնել է «Թուրան» լրատվական գործակալությունը' հղում կատարելով Համաշխարհային բանկի հետազոտություններին:

 

 

ՀԲ-ն միջին հեռանկարում Ադրբեջանի ընդհանուր պարտքերի աճ է կանխատեսում:

 

 

ՀԲ-ն կանխատեսում է, որ Ադրբեջանի ընդհանուր պարտքերը 2017 թվականին կկազմեն ՀՆԱ-ի 35,6 տոկոսը, 2018 թվականին' ՀՆԱ-ի 54,7 տոկոսը:

 

 

Ադրբեջանի կառավարության հայտարարությունների համաձայն' 2016 թվականի սկզբներին Ադրբեջանի արտաքին պարտքի ծավալը կազմել է ՀՆԱ-ի 19,8 տոկոսը: Այդ ցուցանիշը 2015 թվականի սկզբներին կազմել էր 8 տոկոս:

 

 

2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ Ադրբեջանի արտաքին պարտքը կազմել էր մոտ 7 մլրդ դոլար:

 

 

Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել են, որ անցյալ տարվանից նավթի համաշխարհային գների անկման հետեւանքով ադրբեջանական մանաթի 100 տոկոսով արժերկման պատճառով 2016 թվականի սկզբից մինչ այժմ Ադրբեջանի ՀՆԱ-ն 40 տոկոսով նվազել է, Ադրբեջանի արտաքին առեւտրաշրջանառությունը մոտ կիսով չափ կրճատվել է, Ադրբեջանի տնտեսությունն սկսել է արագորեն անկում ապրել:

 

 

Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին: