Ադրբեջանի արտաքին պետական պարտքը 2016 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 11 մլրդ 486,6 մլն մանաթ (7 մլրդ 448,7 մլն դոլար):

 

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԱՊԱ-ին հայտնել են Ադրբեջանի ֆինանսների նախարարությունում' նշելով, որ ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքի հարաբերակցությունը հավասար է 21 տոկոսի:

 

 

«Պարտքի մեջ ընդգրկված են կառավարության ուղղակի պարտավորությունների ներգրավումով եւ պետական երաշխիքով վարկերի գծով պայմանական պարտավորությունները: Արտաքին պարտքի 82,3 տոկոսը ներգրավված է Համաշխարհային բանկից, Զարգացման ասիական բանկից, Զարգացման իսլամական բանկից, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկից, Ճապոնիայի եւ այլ ֆինասական կառույցների հետ համագործակցության միջազգային գործակալությունից: Պարտքի 17,7 տոկոսն ընկնում է տարբեր միջազգային ֆինանսական շուկաներում տեղադրված արժեթղթերի մասնաբաժնին, -հայտնել է Ադրբեջանի ֆիննա խը:

 

 

2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ Ադրբեջանի արտաքին պետական պարտքը կազմել էր 6 մլրդ 478,2 մլն դոլար (5 մլրդ 81,5 մլն մանաթ), ՀՆԱ-ի նկատմամբ արտաքին պետպարտքի հարաբերությունը' 8,6 տոկոս:

 

 

Անցյալ տարի նավթի եւ մանաթի գրեթե 100 տոկոսով էժանացման հետեւանքով Ադրբեջանի տնտեսությունը եւ ֆինանսական կառույցները հայտնվել են խորը ճգնաժամում:

 

 

«Ենի Մուսավաթ» թերթը հայտնում է, որ Ադրբեջանի պետական պարտքն ամիս առ առ ամիս գնալով մեծանում է եւ արդեն հասել է ՀՆԱ-ի 55-60 տոկոսին:

 

 

Թերթի հետ զրույցում տնտեսագետ Նաթիգ Ջաֆարլին այդ առնչությամբ ասել է, որ դա կապված է այն բանի հետ, որ նավթի արտահանումից ստացվող մեծ եկամուտների «հավերժության» վրա վստահ Ադրբեջանի իշխանությունը որոշ նոր խոշոր նախագծերի մասով մեծ պարտավորություններ է ստանձնել:

 

 

«Ադրբեջանը «Հարավային գազային միջանցք» նախագծում, իր վրա վերցնելով որոշ մեծ ծախսեր, ցանկացել է եվրոպացի գործընկերների հետ բանակցություններում առավելություն ստանալ: Մյուս կողմից, այն ժամանակ նավթի արժեքը բարձր էր: Իսկ այժմ նավթից եկամուտները խիստ նվազել են», -նշել է նա:

 

 

Նաթիգ Ջաֆարլին նշել է, որ Ադրբեջանը պարտավորվել է Անդրանատոլիական (TANAP) գազային նախագծում ֆինանսավորել 57 տոկոս, իսկ Անդրադրիատիկ (TAP) գազային նախագծում' 20 տոկոս մասնաբաժինը:

 

 

«Ազադլըգ» թերթի հետ զրույցում ադրբեջանցի տնտեսագետ Գուբադ Իբադօղլուն հայտնել է, որ մինչեւ 2016 թվականի հունվարի 1-ը Ադրբեջանը միջազգային եւ այլ ֆինանսավարկային կազմակերպությունների հետ 10,3 մլրդ ԱՄՆ դոլարի վարկային պայմանագրեր է ստորագրել: Այդ պայմանագրերի հիման վրա օգտագործված վարկերի գծով Ադրբեջանի արտաքին պետական պարտքը կազմել է 6,9 մլրդ ԱՄՆ դոլար: Ստորագրված պայմանագրերի գծով արտաքին պետական պարտքը կազմել է ՀՆԱ-ի 28,5 տոկոսը, օգտագործված վարկերի գծով' 19,8 տոկոսը: Ներկայում ստորագրված պայմանագրերի գծով յուրաքանչյուր շնչին ընկնոÕ ² արտաքին պետական պարտքի չափն առաջին անգամ գերազանցել է 1000 դոլարը եւ կազմել 1030 դոլար:

 

 

«Միեւնույն ժամանակ ՀՆԱ-ի' արտարժույթով նոմինալ արժեքի նվազումը խիստ մեծացրել է ՀՆԱ-ում արտաքին պետական պարտքի հատուկ կշիռը եւ հասցրել նրա մեկ հինգերորդին: Պետք է նկատի ունենալ, որ այս տարի ՀՆԱ-ն նվազում է տնտեսության մեջ առկա անկման պատճառով, իսկ արտաքին պետական պարտքն արագորեն աճում է: Նման դեպքում տարվա վերջի համար ստորագրված վարկերի գծով արտաքին պետական պարտքերը կգերազանցեն ՀՆԱ-ի մեկ երրորդը, իսկ օգտագործված վարկերի գծով' մեկ չորորդը», -կանխատեսում է նա:

 

 

Փորձագետը հավելել է, որ ստորագրված պայմանագրերի համաձայն' արտաքին պետական պարտքի 58,6 տոկոսը կամ 6 մլրդ դոլար մասը Ադրբեջանը պետք է վճարի առաջիկա 10 տարվա ընթացքում:

 

 

«Դա նշանակում է, որ արտաքին պետական պարտքը մարելու համար Ադրբեջանն ամեն տարի պետք է 600 մլն դոլար վճարի, այն դեպքում, երբ 2016 թվականի հունվարի 1-ին Ադրբեջանի բանկերի արտաքին պարտավորությունները կազմել են 5,5 մլրդ դոլար, Ադրբեջանի պետական նավթային ընկերության' SOCAR-ի կոնսոլիդացված պարտքը կազմել է 6,3 մլրդ դոլար», -նշել է նա:

 

 

Գուբադ Իբադօղլուն եւս մեկ բացասական կանխատեսում է արել Ադրբեջանի համար: Նրա խոսքով' ներկայում այդ ուղղությամբ առաջացած անհանգստությունը միայն պարտքերի ընդհանուր չափի աճը չէ:

 

 

«Անհանգստությունը նաեւ պետական երաշխավորությամբ պարտքերի ոչ արդյունավետ օգտագործման պատճառով է: Արտաքին պարտքի վերադարձը վերջնական արդյունքում ընկնելու է պետական պարտքի վրա: Իսկ դա ավելի է սահմանափակելու առանց այն էլ լարված վիճակում գտնվող պետական բյուջեի ֆինանսավորման հնարավորությունները», -շեշտել է նա:

 

 

Միջազգային վարկանիշային Moody's գործակալության հետազոտությունների համաձայն' Ադրբեջանը հանդիսանում է նավթի ցածր գների պատճառով ամենաշատ նեգատիվ ազդեցության ենթարկված ԱՊՀ անդամ երկիրը:

 

 

«Մինչեւ 2016 թվականի վերջը Ադրբեջանում պետական բյուջեի դեֆիցիտի աճը կանխատեսվում է մինչեւ 13 տոկոս, այն դեպքում, երբ 2015 թվականին այն կազմել էր 5 տոկոս: ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքի հարաբերությունը 2014 թվականին աճել էր 11 տոկոսով, 2015 թվականին' 28 տոկոսով: 2016 թվականին սպասվում է մինչեւ 30 տոկոս աճ: Բյուջեի դեֆիցիտը պետք է փակվի ոչ թե նոր փոխառությունների, այլ Ադրբեջանի պետական նավթի հիմնադրամի ակտիվների հաշվին», -հայտարարել է գործակալությունը:

 

 

Moody's-ը կանխատեսում է, որ ապագայում Ադրբեջանի պարտքային բեռը կմեծանա կախված այն բանի հետ, որ բյուջեի դեֆիցիտի մի մասն, այդուհանդերձ, անհրաժեշտ կլինի փակել փոխառությունների հաշվին:

 

 

Ադրբեջանի Ռիսկային փորձագետների խմբի ղեկավար Էլման Սադըգովը report.az-ին հայտնել է, որ Ադրբեջանի տնտեսության նորմալ զարգացման համար վարկային ռեսուրսների պահանջը կազմում է 15-20 մլրդ մանաթ' նշելով, որ Ադրբեջանի ռեալ հատվածը վարկավորման խիստ կարիք ունի: